«Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք՝ մեր ներքին պայմանավորվածությունն է». Կարեն Կարապետյանը՝ 2018թ. պայմանավորվածության մասին
Ավարտվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստը: Ի տարբերություն այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց մասնակցությամբ նիստերը տևել են 4, նույնիսկ` 6 ժամ, Կարեն Կարապետյանի մասնակցությամբ նիստը տևեց 1,5 ժամ:
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Կարեն Կարապետյանն ասաց, որ քննարկումն անցել է աշխատանքային մթնոլորտում:
«Ես պատասխանել եմ բոլոր այն հարցերին, որոնք տվել է հանձնաժողովը, քանի որ հանձնաժողովի նիստը փակ է համարվում և պետական գաղտնիք, այս պատճառով էլ ավելին ասել չեմ կարող»,- ասաց նա:
Հարցին՝ դիզվառելիքի անորակ լինելու հետ կապված իր նախկին հայտարությունյունը հանձնաժողովի նիստում պնդե՞լ է, Կարեն Կարապետյանը դարձյալ պատասխանեց՝ ասելով, որ այդ հարցին արդեն պատասխանել է:
Հաջորդ հարցին՝ 2018 թվականի ապրիլի 22-ին ի՞նչ է պայմանավորվել ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Պարոն Փաշինյանի հետ ինչը պայմանավորվել ենք՝ մեր ներքին պայմանավորվածությունն է, պայմանավորվածություն չի խախտվել»:
Հարցին՝ հետևո՞ւմ է երկրի ներկա տնտեսական և քաղաքական իրավիճակին, ինչպե՞ս կգնահատի Կառավարության աշխատանքը, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ որոշ առումով հետևում է:
«Այսօր Կառավարությանը մաղթում եմ հաջողություններ, որպեսզի այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գա: Բայց Կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չեմ»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետը հանձնաժողով է հրավիրվել՝ կապված 2017 թվականին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արած իր հայտարարության հետ: Նրա հայտարարությունը կապված էր ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայի վառելանյութի որակի հետ:
«Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում անորակ վառելանյութի պատճառով»,- ասել էր նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում