Բաժիններ՝

«Մանկավարժներին, հատկապես՝ նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներին խստիվ հորդորում եմ  պահպանել քաղաքական կոռեկտությունը և իրենց հանրային պաշտոնը չշփոթել քաղաքացիական ակտիվիստի կոչման հետ». Տիգրան Վիրաբյան

Քիչ առաջ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ««Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է» – այսպես է արտահայտվում իր ֆեյսբուքյան պատին Երևանի N մանկապարտեզի տնօրենը։ Իսկ գիտե՞ք՝ ինչո՛ւ է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆԸ այդպիսի նախադասություն գրում, որովհետև նա դարձել է մանկապարտեզի տնօրեն իր քրոջ ամուսնու՝ Երևանի իմքայլական քաղաքապետի տեղակալի միջնորդությամբ։

Սա՛ է այս իշխանությունների նկարագիրը։ Ըստ իրենց հները պետք է հեռանան ոչ թե նոր և պրոֆեսիոնալ կադրեր ներգրավելու համար, այլ իրենց ծանոթ-բարեկամներին գործի տեղավորելու համար։

Քաղաքապետի տեղակալը կարող է ցույց տալ քաղաքապետին, թե իր կնոջ քույրը ինչպե՞ս է արդարացնում ԱԺ-ում տեղի ունեցած բռնությունը իր նոր կարգավիճակում՝ մանկապարտեզի տնօրենի դերում։»:

168.am-ին հաջողվեց պարզել, որ խոսքը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող թիվ 85 մանկապարտեզի մասին է, որի տնօրեն Լիլիթ Ավետիյանն է այդ գրառման հեղինակը:

Ի դեպ, այդ գրառումը նա կցել է Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութին, որտեղ առաջին պլանում բավականին մարտականորեն տրամադրված իմքայլական պատգամավորն է:

Պարզեցինք նաև, որ Լիլիթ Ավետիսյանին այդ պաշտոնում նշանակելու ենթադրյալ միջնորդողը Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն է. հենց նրա կնոջ քույրն է սույն տիկինը:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Լիլիթ Ավետիսյանի հետ` հասկանալու համար, թե արդյո՞ք իր ղեկավարած նախակրթական հիմնարկո՞ւմ էլ է ինքը խրախուսում ինֆորմացիա փոխանցելու այդ հնագույն և իր նախընտրելի եղանակը, թե՞ խոսքը միայն իշխող քաղաքական ուժին ընդդիմացողների մասին է:

Հեռախոսազանգերին չպատասխանեց նաև վերջինիս ազդեցիկ բարեկամը` փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Նրան էլ էինք ուզում հարցեր ուղղել այն մասին, թե արդյո՞ք իր քենուն մինչ պաշտոնի նշանակելը չի հրահանգավորե՞լ, թե ինչն է լավ ու ինչը` վատ, ինչպես զսպի բռնություն կիրառելու նկատմամբ իր հակումների մասին հրապարակային հայտնելու իր գայթակղությունը, հատկապես երբ նախադպրոցական կրթական հաստատություն է ղեկավարում:

Կապ հաստատեցինք Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ, ում ենթակայության ներքո են գործում մանկապարտեզները, խնդրեցինք մեկնաբանել տնօրենի գրառումը:

Նա քաղաքային ենթակայության կրթարանների մանկավարժներին, հատկապես՝ նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներին խստիվ հորդորեց  պահպանել քաղաքական կոռեկտությունը և իրենց հանրային պաշտոնը չշփոթել քաղաքացիական ակտիվիստի կոչման հետ:

«Խնդրում եմ չմոռանալ, որ մենք ծառայում ենք բոլորին՝ անկախ որևէ նախասիրությունից, և այդ իմաստով քաղաքական ելույթներն անթույլատրելի են, առավել ևս, անթույլատրելի է որևէ դիրքորոշում, որը կարող է մեկնաբանվել իբրև բռնության արդարացում»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս