
«Բարև Ձեզ, ես էլ եմ Ձեզ շատ կարոտել». Կարեն Կարապետյանը խոստացավ բոլոր հարցերին պատասխանել նիստից հետո

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ ժամանեց խորհրդարան՝ մասնակցելու ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին:
Նա հրաժարվեց պատասխաննել լրագրողների հարցերին՝ խոստանալով, որ նիստից հետո բոլոր հարցերին կպատասխանի:
Հարցին՝ այսօր էլ եք պնդելո՞ւ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ անորակ վառելանյութ է եղել զինտեխնիկայի մեջ, Կարեն Կարապետյանը նախ լրագրողներին հորդորեց պահպանել սոցիալական հեռավորություն, ապա կրկնեց, որ բոլոր հարցերին կպատասխանի նիստից հետո:
«Բարև Ձեզ, ես էլ եմ Ձեզ շատ կարոտել, բայց թույլ տվեք ներս մտնել, նիստից հետո նոր Ձեր հարցերին կպատասխանեմ»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետը հանձնաժողով է հրավիրվել՝ կապված 2017 թվականին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արած իր հայտարարության հետ: Նրա հայտարարությունը կապված էր ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայի վառելանյութի որակի հետ:
«Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում անորակ վառելանյութի պատճառով»,- ասել էր նա: