Աղստև գետի վարարումն աննախադեպ է 1998 թ.-ից սկսած. Տավուշի մարզպետարանը պարզաբանում է
Տավուշի մարզպետարանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհն այսօր փակ է եղել ոչ թե մեկ ժամով, այլ 5 րոպեով: Ավելի վաղ նշվում էր, որ Խաշթառակ և Լուսաձոր գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը և պահանջում էին, որպեսզի ժամանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Խաշթառակ համայնքի բնակիչ Սամվել Մատինյանին պատկանող հանգստի գոտու հեղեղման հետ կապված հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև առաջացած հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մայիս ամսին մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն։
Նախնական եզրակացությամբ՝ իրականացված կառուցապատման աշխատանքների ժամանակ երկուստեք թույլ են տրվել խախտումներ: Արդյունքների հիման վրա ՀՀ Դատախազությունում ընթանում է նախաքննություն։ Դատապարտում ենք իրականության խեղաթյուրման ցանկացած նախաձեռնություն, այն համարում քայքայիչ գործունեություն ՀՀ պետականության և քաղաքացու հանդեպ։
Աղստև գետի վարարումն աննախադեպ է 1998 թ.-ից սկսած, և նմանատիպ իրավիճակներ առկա են նաև այլ վայրերում։ Խնդրում ենք պահպանել առավելագույն զգուշություն։ Առողջություն ենք մաղթում բոլորին։
Հ.Գ. Միջպետական ճանապարհի երթևեկությունը խաթարվել է առավելագույնը 5 րոպեով (ոչ թե 1 ժամով), մեղավորները կենթարկվեն պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։