ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները պետք  է հանդես գան հայտարարությամբ․ վերլուծաբան

«Կարիք կա, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ-ն ևս հանդես գա հայտարարությամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակի մասին վերջին շաբաթներին ակտիվացած խոսակցություններին։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ բանակցային սեղանին կան  փաստաթղթեր։ «Փաստաթղթերը ենթադրում են կարգավորման փուլային մոտեցում՝ առաջին փուլում ենթադրելով ամենաարդիական խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի. շուրջ մի քանի շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ կապերի ապաարգելափակում»,- ասել էր Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի ելույթին հայկական կողմն արձագանքեց մի քանի հայտարարություններով։ Սակայն ուշագրավն օրերս ՀՀ ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանի անդրադարձն էր Ազգային ժողովում Ղարաբաղյան հիմնահարցի լուծման` փուլային-փաթեթային տարբերակի մասին քննարկումներին։

Նա նշեց, որ հայկական կողմի համար չափազանց էական է ձևավորել Ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ, որտեղ երկու կողմերի պարտավորությունները համադրելի և վերահսկելի են։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ պետք է բանակցությունների համար այնպիսի փուլային տարբերակ գործի, որտեղ մենք խախտում են տարբերությունը համադրությունների, դա չի աշխատի։ Քանի որ ժամանակին մեր գործընկերներից մեկն ասում էր` փուլային թող լինի, որտեղ առաջին հերթին ստատուսի հարցը կլուծվի, հետո` բանակցությունների»,- ասել էր նախարարը։

Նրա խոսքով` եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն իր պարտականությունները կատարում է ավելի մեծ չափով ու չի ստանում համապատասխան քայլ մյուս կողմից, ապա խախտվում է իր դիրքերը բանակցային գործընթացում։ Հարցի նման լուծում, ըստ Մնացականյանի, անհնար է։

Փոլ Գոբլն ասաց, որ, թեև տեղեկություն չունի, թե ինչպիսի փաստաթղթերի մասին է խոսքը, ինչպիսի լուծում ու ինչպիսի քայլերի հերթականություն են ենթադրում այդ փաստաթղթերը, քանի որ հակամարտության կարգավորման գործընթացի ներկան ու անցյալն էապես տարբեր են` հաշվի առնելով նաև այն ներքաղաքական փոփոխությունները, որոնք հակամարտության հենց սկզբից տեղի են ունեցել տարածաշրջանում, կարող է ասել, որ հրապարակային դիսկուրսը նույնն է։

Նրա խոսքով՝ ներկայումս ևս երևում է, որ կողմերը երկար բանակցում են, թե ինչպիսի և որքան փոխզիջումներ կարող են տեղի ունենալ։

«Եվ սա կարող է անվերջանալի մի գործընթաց լինել, դժվար է այդ մասին խոսել, երբ գործընթացը բաղկացած է շատ մանրուքներից, որոնց տեղյակ չենք»,- ասաց նա։

Ըստ Գոբլի՝ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ևս հանդես գան համապատասխան մեկնաբանություններով նման թեմաների վերաբերյալ, որպեսզի գործընթացն ավելի վստահելի գնահատվի։

Նրա կարծիքով, եթե Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին չեն հաջորդել նման հայտարարություններ, նշանակում է` չկան լուրջ հակասություններ, սակայն նման առանձին հայտարարությունների դեպքում տպավորություն է ստեղծվում, թե դրանք ՄԽ օրակարգից դուրս են, ուստի կարիք կա ՄԽ գնահատականի։

Վերլուծաբանի կարծիքով՝ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ամիսներ առաջ ՄԽ համանախագահները կոչ էին արել պահպանել գործընթացի կոնֆիդենցիալությունը, իսկ համանախագահ երկրներից մեկի ԱԳ նախարարն այն խախտում է, և պետք է հասկանալ՝ ինչու։

«Տարբեր ենթադրություններ կարող ենք անել, ուստի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք  է հանդես գան հայտարարությամբ` պարզաբանելու համար որոշ հարցեր»,- ասաց Գոբլը։

Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորմանը խոչընդոտողը տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող տերությունների քաղաքականությունն է, որի շրջանակում ԼՂ հակամարտությունը լծակ է, և, եթե այն կարգավորվի, որոշ ուժերի ազդեցությունը ևս կկորի։

«Ուստի որոշ քայլեր պետք է դիտարկել այս ազդեցությունների պահպանման և դրանք կառավարելու, զսպելու տիրույթում։ Այդ ազդեցությունների ներքո բոլոր կողմերին ձեռնտու և բոլոր կողմերի շահերից բխող կարգավորումը քիչ հավանական է թվում»,- ասաց Գոբլը։

Տեսանյութեր

Լրահոս