«Մենք այլ ճանապարհ չունենք, պետք է զարգանանք չզիջելով». Իշխան Սաղաթելյան
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:
– Պարոն Սաղաթելյան, խորհրդարանում կառավարության գործունեության ծրագրի քննարկումների ժամանակ վարչապետը որոշ պնդումներ արեց ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մասին, ի՞նչ կարծիք ունեք հնչած տեսակետների վերաբերյալ:
– Վարչապետի հայտարարություններից պարզ չեղավ՝ ի վերջո բանացային սեղանի վրա կա կոնկրետ փաստաթուղթ թե ոչ։ Հստակ է միայն դա, իսկ մնացածը բառախաղային աճպարարություն է։
Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի ոչ ոք իրավունք չունի հարցնել թե իրենք ինչ են բանակցում, մեղմ ասած ոչ բարոյական է, ոչ էլ քաղաքական։ Նախ և առաջ բարոյական չի այդպիսի խոսք ուղղել պատերազմով անցած և մեծագույն զրկանքներ կրած ու հաղթանակած ժողովրդի այն հատվածին, որը վարչապետին չի ընտրել։
Բացի այդ, այստեղ շատ կարևոր այլ խնդիրներ ևս կան։ Առաջին՝ ակնհայտորեն պարզ է, որ Վարչապետը նպատակ ունի կասեցնել ղարաբաղյան հակամարտության հարցով ցանկացած մտահոգություն, ցանկացած քննարկում, քանի որ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը գործող իշխանության աքիլեսյան գարշապարն է։ Մյուս հարցն այն է, որ կարծես Փաշինյանը մոռացել է իր այն խոստումը, որ առանց Արցախի ներգրավման բովանդակային բանակցություններ լինել չեն կարող։ Հիմա վարչապետն ասում է թե ինչ պետք է բանակցում են, այդ ինչպե՞ս եղավ, որ առանց Արցախի ներկայացուցչի բանակցում են։ Ի՞նչ է ասում վարչապետը, ժողովուրդն ինձ մանդատ է տվել, ինչպես կուզեմ՝ կբանակցեմ։ Ցանկանում եմ հստակ ընդգծել՝ փուլային տարբերակով լուծման բանակցության մանդատ ժողովուրդը ոչ ոքի չի տվել, ավելին 1998թ․ին ժողովուրդը հստակ իր կեցվածքը արտահայտել է՝ տուն ուղարկելով փուլային բանակցողին։ Ուստի այն իշխանությունը, որը կգնա այդ ճանապարհով, կարժանանա նույն ճակատագրին։
– Իսկ ի՞նչ կարծիք ունեք, բանակցությունների վերաբերյալ իշխանության թափանցիկության և ընդհանրապես հակամարտության կարգավորման դիրքորոշման վերաբերյալ
– Փաշինյանը թեև պնդում է, որ իր կառավարությունը, նախորդների համեմատ, ամենաբացն է ղարաբաղյան բանակցային գործընթացի մանրամասների առումով, սակայն դա այդպես չէ։
Հտակ չէ՝ իշխանություններն ինչպես են պատկերացնում ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Իշխանությունները պարբերաբար նշում են Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին։ Դա բավարար չէ, ավելին տարակուսելի է, եթե իշխանությունները չեն պատասխանում այն հարցին թե ինչպես են պատկերացնում ինքնորոշման իրացումը։ Մեր համոզմամբ, ինքնորոշումը բացառապես ենթադրում է անկախություն։ Դուք գործող իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցչից երբևէ լսե՞լ եք անկախության մասին հայտարարություն։ Իսկ ինչ վերաբերում է, ինքնորոշմանը, ապա օրինակ Ադրբեջանն Արցախի ինքնորոշումը չի ժխտում՝ այն պատկերացնելով իր կազմում լայն ինքնավարությամբ։ Իշխանությունները պետք է հստակ հայտարարեն, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մեզ համար ընդունելի միակ տարբերակը անկախությունն է։
– Ըստ Ձեզ կառավարությունն անկեղծ չէ՞
– Դժվար է հավատալ կառավարության անկեղծությանը, իսկապես դժվար է, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում։ Բոլորս էլ կցանկանանք, որ մեզ համար կարևորագույն՝ Ղարաբաղի հարցով, իշխանությունների հետ կապված մտահոգություններ չունենանք և մեր քաղաքական պայքարը ծավալենք պետության հասարակական-քաղաքական կամ տնտեսական կյանքին առնչվող ոլորտներում։ Սակայն ցավոք իրավիճակը շատ ավելի բարդ է։ Իրավճիակի բարդության աստիճանը գնահատելու համար բավական է աչքի անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունները կամ համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունները։
– Ի՞նչ կասեք հնարավոր զիջումների և փոխզիջումների մասին
– Մենք մեր բառապաշարում պետք է ընդարապես բացառենք զիջում կամ փոխզիջում հասկացությունները, քանի դեռ հստակ չէ՝ դիմացի կողմը ինչ է պատրաստ զիջել։ Դաշնակցությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ կա կարմիր գիծ․ հարցը պետք է լուծվի հավատարիմ մնալով Արցախի ժողովրդի 1991թ. անկախության և հետագա սահմանադրական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությանը։ Մենք այլ ճանապարհ չունենք, պետք է զարգանանք չզիջելով։
– Ինչպե՞ս եք վերաբերում Փաշինյանի գնահատականներին ուղղված ուժային կառույցներին և դիվանագիտական կորպուսին
– Տեսնելով ուժային կառույցների և դիվանագիտական կորպուսի հասցեին արված պիտակավորումները՝ տպավորություն է, որ Փաշինյանը ամբողջությամբ չի տիրապետում ուժային կառույցների, և դիվանագիտական կորպուսի իրական առաքելությանը։ Հակառակ դեպքում նման տոնով և ոճով պետության կենսական ինստիտուտների մասին այդպես չէր արտահայտվի՝ արժեզրկելով այդ ինստիտուտների կենսական նշանակությունը մեր պետության կայացման և պահպանման գործում։ Ի դեպ, այսօր Փաշինյանը նստած է նաև ուժային կառույցների և դիվանագիտական կորպուսի կողմից գեներացված հսկայական կապիտալի վրա, ինչը նրան թույլ է տալիս մսխել նախընթաց ժամանակահատվածում պետության կողմից ստեղծված գրեթե ամեն ինչ։
Մեր կողմից մեկ տարի առաջ հնչեցված կոչն ուժի մեջ է՝ իշխանությունը պետք է լրջանա՝ ամբողջությամբ գիտակցելով իր պատասխանատվությունը պետության և ժողովրդի առաջ։