Բաժիններ՝

ՀՀ–ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվի

ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Կառավարությունից նշում են, որ որոշման համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ցուցաբերելը։

ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրել փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ՝

  • ծիրանի 1 կիլոգրամի համար` 200 դրամ,
  • սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ համար` 250 դրամ,
  • կեռասի յուրաքանչյուր 1 կգ համար` 400 դրամ,
  • շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար` 350 դրամ,
  • շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար` 830 դրամ,
  • շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար` 150 դրամ։

«Այսպիսով` որոշակիորեն կմեղմվեն առանձին ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, հնարավորություն կտրվի դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը և ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացի ապահովմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ 2026 թ. հունիսի ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման ենթակա պտղի ծավալները կկազմեն շուրջ 11.5 հազար տոննա, այդ թվում՝ ծիրանը՝ 7000, կեռասը՝ 2000, սալորը՝ 2000, դեղձը և նեկտարինը՝ 500, շշալցված խաղողի գինունը՝ 290 հազար լիտր, բրենդիինը՝ 800 հազար բացարձակ լիտր, իսկ հանքային ջրինը՝ 2000 հազար լիտր։

Որոշմամբ անհրաժեշտ օժանդակության տրամադրման չափը գնահատվում է շուրջ 3.9 մլրդ դրամ, որը հաշվարկվել է 2026 թվականի հունիսի ընթացքում արտահանման ենթակա գնահատված ծավալների արտահանման համար տրամադրվող փոխհատուցման չափերով։

Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։

Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։

Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930