
Դատախազները միջնորդել են Արթուր Այվազյանին (Մանախ) դատապարտել 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման

ժամեր առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ընթացող նիստում մեղադրող դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ Արթուր Այվազյանին (Մանախ) դատապարտել 2 տարի 3 ամիս 1 օր ժամանակով ազատազրկման։
168.am-ի հետ զրույցում Այվազյանը հայտնեց, որ մեղադրող երկու դատախազն էլ պնդել են միջնորդությունը, որից հետո դատարանը նշանակել է հաջորդ դատական նիստը 2020 թվականի հունիսի 9-ին, որի ժամանակ ինքը հանդես կգա պաշտպանական ճառով:
Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 31.03.2017թ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փողոցի 53 շենքի բակում «անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով` կոպտորեն խախտել է հասարակական կարգը, ըստ մեղադրական եզրակացության՝ իր մոտ ունեցել է ապօրինի ձեռք բերած 7 մարտական փամփուշտով լիցքավորված զենք։
«Ելք»-ի անդամներ Նիկոլ Փաշինյանը և Հայկ Սարգսյանը ոստիկանությանը հաղորդում էին ներկայացրել, որ Արթուր Այվազյանը հարձակվել է իրենց վրա քարոզչություն իրականացնելու ժամանակ, գողացել է իրենց դրոշները, ատրճանակ է պահել Հայկի վրա։
Իսկ Արթուր Այվազյանը պնդում է, որ տուժողն ինքն է, ոչ թե «Ելք»-ի անդամը, և ինքը միայն նկատողություն է արել «Ելք»-ի անդամներին՝ եռագույնը գետնին գցելու համար:
Հիշեցնենք, որ այս գործով որպես վկա՝ 2019 թվականի ապրիլին դատարանում հարցաքննվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: