«Արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը բովանդակային օրակարգի մշակումն է». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը չի կիսում այն տեսակետը, թե դիվանագետների աշխատանքը չափելի չէ կամ դժվար շոշափելի է:

Հակառակը՝ նա համոզված է՝ դիվանագետների աշխատանքն ավելի քան տեսանելի, շոշափելի և չափելի է:

«Կարծում եմ՝ վերջին մեկ տարվա ընթացքում դեսպանատների բացումը, նախաձեռնողականության ցուցաբերումը, ակտիվությունը դիվանագիտական կորպուսի շրջանակներում իսկապես մեծացնում է վստահությունը դիվանագիտության կորպուսի և ԱԳՆ-ի աշխատանքի հանդեպ: Կարևոր եմ համարում նաև նախորդ տարի երիտասարդ դիվանագետների խորհրդի ստեղծումը՝ որպես կարևոր հարթակ երիտասարդ դիվանագետների մոտիվացման համար»,- նշեց պատգամավորը:

Ըստ պատգամավորի, երեկ, երբ վարչապետը խորհրդարանում խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության և դրա ստեղծման մասին, ինքը հասկացել է, որ երկար տարիներ Հայաստանն արտաքին քաղաքականության օրակարգում ունեցել է բազմաթիվ բացեր: Այս բացի պատճառով, Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանը միշտ սպասել է, թե ինչ են իրեն առաջարկում, բայց նաև հարց է առաջանում, թե Հայաստանն ինչ է առաջարկում:

«Հեղափոխությունից հետո, կարծում եմ՝ մեր արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը բովանդակային օրակարգի մշակումն է: Այդ ուղղությամբ տեսնում եմ հստակ քայլեր»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս