
«Այս ցուցակում մենք ինչո՞ւ չկանք». Արմեն Դարբինյանը՝ Զոհրաբ Մնացականյանին

Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հարց է ուղղել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնացել Արևեկլյան գործընկեր երկրների ցանկից, որոնք աջակցություն են ստանալու։
«Հարց արտգործնախարարին. Այս ցուցակում մենք ինչո՞ւ չկանք»,- թվիթերի իր միկրոբոլգում հարցրել է Ա. Դարբինյանը՝ կից տեղադրելով պաշտոնական հաղորդագրության հղումը։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին ԵՄ դեսպանները հավանություն են տվել հանձնաժողովի առաջարկությանը` մինչև 3 միլիարդ եվրո մակրոֆինանսական աջակցություն տրամադրել Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության գործընկերներին, որը նրանց կօգնի հաղթահարել COVID-19 համաճարակի տնտեսական հետևանքները:
Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի շատ բարենպաստ պայմաններով վարկերի տեսքով։
Ցանկում ներառված է 10 երկիր, որոնց թվում են նաև Վրաստանը, Ալբանիան, Ուկրաինան, Կոսովոն, Մոլոդովան։
Հիշեցնենք, որ Հայաստանը ևս ԵՄ արևելյան գործընկերներից է։