«Տպավորություն է, որ երկրում ամեն ինչ կատարյալ է». ԼՀԿ պատգամավորը՝ վարչապետին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր խորհրդարանում վարչապետի կողմից Կառավարության 2019 թվականի կատարողականը ներկայացնելուց հետո կարծիք հայտնեց, որ, երբ լսում էր զեկույցի տնտեսական հատվածը, այնպիսի տպավորություն է ստանում, որ երկրում ամեն ինչ կատարյալ է:
«Այնտեղ որևէ բացասական ցուցանիշ չկա, ձախողման վերաբերյալ որևէ հիշատակում չկա: Տպավորություն է, որ երկրում ամեն ինչ կատարյալ է: Խնդրում եմ, անդրադառնանք տնտեսության ոլորտում մեր ձախողումների մասին Ձեր պատկերացումներին, և առանձնացրեք այն հիմնական անհաջողությունները, որոնք տնտեսական հատվածում մեզ չի հաջողվել լուծել: Ակնհայտ է, որ պետք է ներկայացնել հաջողությունները, դա իրապես բոլորինս է, բայց չխոսել անհաջողությունների մասին՝ ճիշտ չէ»,- իր խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց պատգամավորը:
Արձագանքելով պատգամավորի մտահոգություններին՝ վարչապետն ասաց, որ տնտեսությունը հենց այն ոլորտն է, որտեղ Հայաստանը ձախողումներ չի ունեցել 2019 թվականին կամ մինչև այս տարվա մարտի 1-ը:
«Ինչպես կարելի է խոսել ձախողման մասին, երբ մենք ամբողջ եվրոպական տարածաշրջանում ամենամեծ տնտեսական ցուցանիշն արձանագրած երկիրն ենք: Իհարկե, Եվրամիության երկրների հետ համեմատած՝ մեր բազան ցածր է, և ցածր բազայի վրա, բնականաբար, ավելի հեշտ է բարձր տնտեսական աճ արձանագրել, բայց ըստ էության, կարող եմ ասել, որ 2019 թվականին մենք կարողացել ենք հասնել տնտեսական հեղափոխության տեմպի և դինամիկայի, որովհետև մենք ունենք բացառիկ ցուցանիշներ, կարո՞ղ էին այդ ցուցանիշներն ավելի բարձր լինել, այո, կարող է: Իրականում մենք 2019 թվականին սպասում էինք 8 տոկոսից ավելի տնտեսական աճի:
Ըստ որոշ վերլուծությունների, այս ամենի պատճառն այն է եղել, որ մենք այդ 46 մլրդ դրամ պարտքը վերադարձրեցինք տնտեսվարողներին, որովհետև դա մեր ցուցանիշները նվազեցրեց»,- ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում