«Ձեր խնդիրն էր՝ ամեն ինչ անել, որ ես էստեղ չհայտնվեմ, բայց հայտնվել եմ ու ձեզ հրամաններ եմ տալիս». Փաշինյանը՝ իրավապահներին
Պետք է ընդունենք և խոստովանենք, որ մեր իրավապահ համակարգը շոկի մեջ է, և ես դա զգում եմ տարբեր առիթներով: Նույն ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աչքի առաջ տեղի է ունեցել մի բան, որը, երկար տարիներ նրանց ներշնչվել է, որ հնարավոր չէ: Խոսքս 2018 թվականի հեղափոխության մասին է: Այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրավապահ համակարգում տիրող իրավիճակին:
«Այդ մարդիկ նայել ու իրենց աչքերին չեն հավատացել, որ սա տեղի է ունենում Հայաստանում: Հիմա էլ շատ մարդիկ նայում ու իրենց աչքերին չեն հավատում, որ ես այստեղ կանգնած եմ՝ որպես ՀՀ վարչապետ, որովհետև ես իրենց օբյեկտն եմ եղել տասնյակ տարիներ: Բայց իմ խնդիրն է եղել, որ ես նրանց օգնեմ, որ հաղթահարեն այդ շոկը, հասկանան, որ էս նոր իրավիճակում իրենց ուսերին դրված է ավելի բարձր ազնիվ առաքելություն: Ես մեր ոստիկանության ամենամեծ պրոբլեմը հենց այդ շոկն եմ համարում, որը, ցավոք սրտի, մինչև հիմա հաղթահարված չէ, բայց ես չեմ կարծում, որ պետք է փետն առնենք ու ընկնենք մեր ոստիկանների հետևից, այլ պետք է օգնենք իրենց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ նպատակի համար էլ Կառավարությունը նախաձեռնել է Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը, և այս հարցում շարունակելու են պահպանել թավիշը:
«Մենք անում ենք այն, ինչ խոստացել ենք: Մենք ասել ենք, որ չի լինելու կադրային ջարդ, ՀՀ բոլոր քաղաքացիները ունենալու են շանս՝ ապրել և աշխատել նոր Հայաստանում, որովհետև մենք չենք ուզեցել գալ և մարդկանց բաժանել հեղափոխականների և հակահեղափոխականների, որովհետև սա ոչ թե հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունն է, այլ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունն է, և յուրաքանչյուր քաղաքացի, քննիչ, դատավոր իր շանսն ունեցել է, բայց ես համաձսյն եմ, որ ժամանակը սպառվում է, նրանք, ովքեր օգտագործել են, մեր գլխի վրա տեղ ունեն, նրանք, ովքեր չեն օգտագործել, պետք է իրենց համար նոր աշխատատեղ փնտրեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև նշեց, որ ժամանակն է, որ դատաիրավական համակարգում թացը չորից տարբերվի, ինչի համար էլ իրենց կառվարությունը տվել է շանս բոլորին:
«Բայց թող որևէ մեկին չթվա, թե կարող է մեզ խաբել, կամ մեզ խաբեց: Ես մեր իրավապահների որոշ ներկայացուցիչների մեկ-մեկ ասում եմ՝ եթե մտածում եք, որ էդքան խելոք եք, ապա էդ ո՞նց ստացվեց, որ ձեր խնդիրն էր՝ ամեն ինչ անել, որ ես էստեղ չհայտնվեմ, բայց հայտնվել եմ ու ձեզ հրամաններ եմ տալիս: Ձեզ թվում ա՝ թե մեզ կարող եք խաբե՞լ»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի՝ նույն օրվա մեջ տարբեր պաշտոնների նշանակելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա քաղաքական որոշում է եղել, և այդ նպատակով օգտագործվել է օրենսդրական միջանցքը:
Մանրամասները՝ տեսանյութում