Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց ՊԵԿ քննչական վարչության՝ Վատիկանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ Միքայել Մինասյնաի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին: Մ. Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալ), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը):
2020 թվականի մարտի 23-ին որոշում էր կայացվել Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Նշենք նաև, որ Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը գրել էր, որ «Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի»