
«Եթե որևէ գործարար նման հորդորի կհետևի, ուրեմն նա գործարար չէ». տնտեսվարողը՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի հորդորի մասին

«Խորհուրդ կտամ պետական պաշտոնյաներին խորհուրդ չտալ մեզ՝ գրեչկան փոխարինել մակարոնով կամ տեղակայման վայր փոխել». 168.am-ի հետ զրույցում «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանը ոչ պրոֆեսիոնալ որակեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի հորդորը տնտեսվարողներին՝ «եթե տեղի վարձակալությունը թանկ է, փոխեք տեղակայումը»:
«Տեղակայման վայրից է կախված, օրինակ, թե քանի հաճախորդ կունենաք: Եթե Դուք կենտրոնում գործունեություն ծավալելու դեպքում կունենաք 1000 հաճախորդ, 3-րդ մասում այդքան չեք ունենա: Տեղակայման վայրից է կախված նաև, թե ինչ գնողունակության հաճախորդ կունենաք: Նման հայտարարությունները չեմ համարում լուրջ»,- ասաց Գրիգորյանը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մեր հարցին ի պատասխան՝ նաև պնդել էր, որ տնտեսվարողները պետք է կարողանան ճիշտ որոշումներ կայացնել և նվազեցնել այն ծախսերը, որոնցով պայմանավորված չէ իրենց հետագա գոյությունը: Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ գործունեության վայրը կենսական նշանակություն ունի բիզնեսի համար.
«Տեղը նույնիսկ արտադրողների համար է կենսական՝ տեղափոխում, լոբբինգ, և այլն: Իսկ խանութի վաճառքի համար տեղը միանշանակ կենսական անհրաժեշտություն է: Մարդիկ տեղի հաշվարկով են բիզնեսը դասավորում, տվյալ տեղում հավաքում են հաճախորդներ, տեղափոխվելուց կկորցնեն հաճախորդների որոշակի քանակ»:
Մեր հարցին, թե գործարարները կհետևե՞ն այս խորհրդին, Գրիգորյանն արձագանքեց.
«Եթե որևէ գործարար նման հորդորի կհետևի, ուրեմն նա գործարար չէ: Այդքանը»: