Հայտնի են ըմբշամարտում Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերի ժամկետները
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային համարվող մրցաշարերի հստակ ժամկետները:
Եվրոպական հատվածի համար վարկանիշային կլինի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2021 թվականի մարտին կայանալիք մրցաշարը: Իսկ համաշխարհային մրցաշարը նախատեսվում է անցկացնել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ապրիլին:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:
Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: