«Բանակցային գործընթացն ինչ-որ առումով կրում է իմիտացիոն բնույթ». Ֆելգենգաուեր

«Հակամարտող կողմերի հայտարարություններն ուղղված են ներքին լսարաններին, ինչը ցույց է տալիս, որ կողմերը պատրաստ չեն հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական ճանապարհով՝ գնալով փոխադարձ ընդունելի զիջումների»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային օրակարգի վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հայտարարություններին։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայումս ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվորեն քննարկվում են ռուսական 2019 թվականի ապրիլի 15-ի առաջարկները, որը ենթադրում է հակամարտության փուլային կարգավորում։

Այս հայտարարությունը բավականին բուռն ընկալվեց Հայաստանում, հայկական կողմը թե ՀՀ ԱԳ նախարարի, թե ԱԳՆ խոսնակի մակարդակով հերքեցին, որ փաստաթուղթ է քննարկվում, նշելով, որ հայկական կողմը փուլային կարգավորում չի քննարկել։

Չնայած հայկական կողմի հերքումներին` պաշտոնական Բաքուն էլ իր հերթին է պնդում, թե ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների հիմքում եղել և մնում է կարգավորման փուլային տարբերակը:

«Բանակցություններն ընթանում են գաղտնի, մանրամասները չեն հրապարակվում, սակայն դրանց ընդհանուր շրջանակը մինչ օրս մեկ անգամ չէ, որ ուրվագծվել է համանախագահների կողմից, ինչպես նաև համանախագահող երկրների առաջնորդների հայտարարություններում»,- ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով` բոլոր այդ հայտարարությունների հիմքում փուլային կարգավորումն է, որը պետք է սկսի Ղարաբաղը շրջապատող տարածքների ազատագրումից, ապա պետք է ադրբեջանցիները վերադառնան հայրենի բնակավայրեր, բացվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության միջոցները, ստեղծվեն պայմաններ երկու համայնքների համակեցության համար:

Այս շարքում Մամեդյարովը նշել է նաև Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հարցը, միայն թե պնդել է, թե դա պետք է տեղի ունենա որոշ ժամանակ անց և լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Իսկ հայկական կողմը պնդում է, որ կարևոր են Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության հարցերը։

Պավել Ֆելգենգաուերի գնահատմամբ՝ կողմերի միջև հանդիպումների հաճախականությունը ցույց է տալիս, որ որոշակի օրակարգ կա, այսինքն՝ ինչ-որ առանցքային հարցեր քննարկվում են։

Ըստ նրա՝ նախորդ տարի այդ հանդիպումները պտղաբեր են եղել, քանի որ հումանիտար բնույթի երկու պրոյեկտ է իրականացվել, ինչը գովելի է։

«Ես, բնականաբար, չեմ կարող ասել, թե դրանք  քննարկումներ են սկզբունքների և տարրերի շո՞ւրջ, թե՞ հումանիտար պրոյեկտներ իրականացնելու մասին հարցերի մանրամասներ։ Սակայն ինչ որ հարցեր կողմերի միջև համանախագահների մասնակցությամբ քննարկվում են։ Սակայն այս հայտարարությունները նաև ցույց են տալիս, որ երկու երկրներում հասարակության շրջանում ամրացած դիրքորոշումները, որոնք մերժում են փոխզիջումները, ամրապնդվում են իշխանությունների կողմից, երբ նրանք մերժում են կա՛մ Լավրովին, կա՛մ միմյանց։ Սա նշանակում է, որ պրոցեսն ինչ-որ առումով նաև իմիտացիոն բնույթ է կրում, որի նպատակը նաև լայնածավալ պատերազմի վերսկսման հավանականությունը կառավարելն է։ Թվում է՝ կա բանակցություն, բայց երբ հարցը հասնում է պարզաբանումներին, կողմերը կրկնում են իրենց կարծրացած մոտեցումները և փորձում փարատել հասարակությունների շրջանում առաջացող մտահոգությունները։ Կամ երբ կողմերը ցանկանում են, որպեսզի բանակցային օրակարգը կոնֆիդենցիալ լինի, ինչո՞ւ, որովհետև լուրջ բանակցություններ չեն իրականացնում, պատրաստ չեն լուծումների և հասարակություններին նույնպես չեն պատրաստում լուծումների»,- ասաց Ֆելգենգաուերը։

Վերջինս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ռուսական կողմը նշում է թե ինքնորոշման իրավունքի, թե տարածքային ամբողջականության մասին։ «Դա ասում է պարզապես այլ բառերով, Ռուսաստանը շարունակում է դիրքավորվել՝ որպես չեզոք միջնորդ, որևէ կողմին չաջակցելով։ ԱԳՆ վերջին հայտարարություններում կար հավասարակշռություն կարգավորման սկզբունքների վերաբերյալ, ուստի կարծիքները, թե ռուսական կողմը ներկայումս որևէ կողմի աջակցում է, սխալ է»,- նման համոզմունք հայտնեց Ֆելգենգաուերը։ Նրա համոզմամբ՝ նման բանակցությունները հեշտությամբ կարող են խզվել ինչ-որ փուլում։ Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքներին, ապա, ռուս ռազմաքաղաքական վերլուծաբանի խոսքով, եթե կա սպառազինություն, ապա դրա «կրակելու» հավանականությունը շատ բարձր է։ «Այս հարցում որևէ նորություն չկա, կողմերը երբեք չպետք է կորցնեն զգոնությունն առավելապես այն ժամանակաշրջանում, երբ ռազմական գործողությունների վերսկսումն ամենաանտրամաբանականը կարող է թվալ»,- ասաց Ֆելգենգաուերը։

 

Տեսանյութեր

Լրահոս