Բաժիններ՝

«Եթե մենք ընթերցելիս անձանց անունները մի պահ փակենք, ապա դա ոչ թե իրավական պետության ղեկավարի, այլ ինչ-որ ֆյուրերի մամուլի խոսնակի հայտարարություն էր` թե իր լեզվաբանությամբ և թե բովանդակությամբ». Ռուբեն Մելիքյան

Ucom ընկերության շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ 168.am-ը զրուցել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

– Այն, ինչ տեղի է ունենում Ucom-ի շուրջ, ի՞նչ է…Կորպորատիվ անհամաձայնություն թե՞ սեփականության վերաբաշխման գործընթաց:

– Եթե անգամ այս վեճն ունեցել է կորպորատիվ հիմք, իսկ կորպորատիվ վեճեր հնարավոր են ցանկացած ընկերությունում, ապա վաղուց այն վերաճել է քաղաքական նշանակության խնդրի: Ակնհայտ է, որ անկախ նրանից` այդ վեճն ինչպես է սկսվել, արդյո՞ք մաքուր կորպորատիվ վեճ է եղել բաժնետերերի միջև թե՞ ի սկզբանե հրահրվել է իշխանության ներկայացուցիչների կողմից, դա էական էլ չէ, այնուհանդերձ այս պահին դա վաղուց դուրս է եկել կորպորատիվ վեճի շրջանակներից և վերածվել էքաղաքական գործընթացի: Սա սեփականության վերաբաշխման գործընթաց է:

– Եթե սա սեփականության վերաբաշխման գործընթաց է, իշխանությունները մինչ այդ գործընթացը նախաձեռնելը ինչպե՞ս էին դա պատկերացնում. հնարավո՞ր էր այդ հսկայական կորպորացիան այդպես հեշտ ձեռքից ձեռք փոխանցել, վերաբաշխել, ինչի՞ վրա կարող էր լինել նրանց հույսը…Որ սեփականատերերը հե՞շտ կհամաձայնեին…

– Ես կարծում եմ, որ իշխանությունները տարբեր գործիքակազմ են պատրաստ կիրառել և երևի թե կիրառել են մեր գործարարների հետ կապված, այդ թվում նաև` քրեական հետապնդումների սպառնալիքը, և կարծում եմ, դա առաջնային նշանակություն է ունեցել տվյալ գործում:

– Կարո՞ղ էր արդյոք 6 տոկոս բաժնեմաս ունեցող համասեփականատերը 34 միլիարդ գումար ներդնել ընկերության վերահսկող փաթեթը ձեռք բերելու համար։ Եթե անգամ վարկային միջոցներ ներգրավվեին, ի՞նչ կարգի գրավադրվող գույքի մասին է խոսքը, կարո՞ղ էին Եսայան եղբայրները տիրապետել նման միջոցների : Արդյո՞ք այլ ականջներ չեն երևում այս գործարքի հետևում:

– Նախ պետք է նշել, որ Եսայան եղբայրներն առհասարակ տաղանդավոր մարդիկ են, և դա որևէ կերպ չի կարելի կասկածի տակ դնել: Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ ցանկացած իրավական պետությունում գործում են որոշակի բիզնեսին վերաբերող կանոններ, և մենք կամ ունենում ենք իրավական պետության կանոններ, կամ ունենում ենք բոլշևիզմ: Այն բոլոր մարդիկ, որոնք որ հիմք են վերցնում այդ իսկապես տաղանդավոր եղբայրների մոտեցումները, պետք է ավելի խորը մտածեն և հասկանան` արդյո ՞ք նրանք դրանով չեն վնասում իրավական պետության հիմքերին, ներքաշվում իրավական պետությանը հակասող գործընթացների մեջ: Ինչ վերաբերում է վարկային միջոցներին, ես չեմ կարող որևէ գնահատական տալ, որովհետև դրա մասնագետը չեմ և չեմ կարող ինչ-որ հաշվարկների կամ իրական գների մասին խոսել, բայց այն, ինչ տեղի ունցավ այսօր, նկատի ունեմ Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը և դրան հետևած, շատ ավելի կարևոր վարչապետի մամուլի խոսնակի արձագանքը, արդեն պարզից էլ պարզ է դարձնում, որ այս ամենի հետևում ուղղակիորեն կառավարության ձեռագիրն է երևում:

– Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն իր տարածած հայտարարության մեջ նշում է, որ իրեն ուղղակի թե անուղղակի կերպով երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իմ առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Ավելին, որպես պահանջի մաս ներկայացվել է մեր մյուս կարևոր գործունեության՝ հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերության օտարումը ևս։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

– Սա ուղղակի հանցագործության մասին հաղորդում է իրավական տեսանկյունից, որը մոտակա կարճ ժամանակահատվածում վստահաբար չի դառնա քրեական գործի հարուցման առիթ, բայց նույնքան վստահ եմ, որ այդ օրը սարերի հետևում չէ: Դա համարում եմ անխուսափելի, առավել ևս այն պայմաններում, երբ վարչապետի խոսնակը, թեկուզ անուղղակիորեն, փաստացի հաստատեց այդ ահազանգը:

– Վարչապետ խոսնակ Մանե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում այսօր գրառում կատարեց, որում մասնավորապես նշել էր, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաեւ Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռք բերելով:

Գուրգեն Խաչատրյանի հայտարարությանն ի պատասխան արված այս գրառումը ի՞նչ նպատակ է հետապնդում: Եվ առհասարակ անմեղության կանխավարկածի խախտումների ծավալները Հայաստանում այսօր մտահոգիչ չե՞ն։

– Վաղուց արդեն Հայաստանում այդ ժամանակահատվածն անցել է, որ զարմանք պատճառեն անմեղության կանխավարկածի խախտումները իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից: Ինչ վերաբերում է այդ հայտարարությանը, ապա եթե մենք դա ընթերցենք ու անձանց անունները մի պահ փակենք, ապա դա ոչ թե իրավական պետության ղեկավարի, այլ ինչ-որ ֆյուրերի մամուլի խոսնակի հայտարարություն էր թե իր լեզվաբանությամբ և թե բովանդակությամբ:

Մամուլի խոսնակի հայտարարությունը յուրաքանչյուրս իրավունք ունենք համարել վարչապետի արձագանք, որովհետև մամուլի խոսնակն է վարչապետից հետո երկրորդ մարդը, որն իրավունք ունի խոսել վարչապետի անունից: Եվ այս արձագանքը կարելի է դիտել որպես վարչապետի արձագանք, բայց այդուհանդերձ, դա վարչապետի խոսնակին չի ազատում պատասխանատվությունից այդ հայտարարությունների համար: Դա ըստ էության ինքնախոստովանական ցուցմունք էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս