ՀՀ ոստիկանության բարեփոխումների արդյունքում նախատեսվում է ստեղծել «Ազգային գվարդիա»

Ապրիլի 23-ին Կառավարությունը հաստատեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, որով 16.5 միլիարդ դրամ կհատկացվի այդ նպատակի համար: Ըստ այս բարեփոխումների ծրագրի՝ նախատեսվում է ունենալ  ապառազմականացված ոստիկանություն:

Ինչ է դա նշանակում

Նախագծից տեղեկանում ենք, որ ոստիկանության ապառազմականացման կոնցեպտը չի նշանակում, որ ոստիկանական բոլոր ուժերը պետք է բացառապես լինեն քաղաքացիական:

Ապառազմականացումը վերաբերում է ամբողջ ոստիկանական ինստիտուտի մշակութային ու իրավական ապառազմականացմանը:

Ոստիկանության ապառազմականացումը տեղի է ունենալու նախ և առաջ ոստիկանության զորքերի կարգավիճակի փոփոխությամբ:

Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է ոստիկանության «զորքեր» հասկացությունից հրաժարվել, ստեղծել նոր և ավելի ընդլայնված գործառույթներով մարմին և ոստիկանության զորքերը վերանվանել «ազգային գվարդիա»:

Ինչ խնդիրներ է լուծելու «Ազգային գվարդիան»

Նոր Հայաստանի նոր Ոստիկանության «Ազգային գվարդիան», ըստ անհրաժեշտության, կարող է մասնակցել հասարակական կարգի պահպանման աշխատանքներին, ապահովել կարևորագույն նշանակության օբյեկտների և կառավարական շենքերի պահպանությունը, ազգային գվարդիան ներգրավվելու է զանգվածային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելիս, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանքներին աջակցելիս, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովելիս, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների, ներկայացուցիչների անվտանգության ապահովմանն աջակցելիս:

Ըստ այս նախագծի՝ ոստիկանության զորքերի կարգավիճակի փոփոխությունը չպետք է հանգեցնի նրա ծառայողների սոցիալական իրավունքների սահմանափակմանը կամ վատթարացմանը, նախագծով նախատեսվում է իրականացնել նաև զորքերի համապարփակ աուդիտ ու կարիքների գնահատում՝ հստակեցնելով՝ ինչ օպտիմալ քանակ է անհրաժեշտ նշված գործառույթներն իրականացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս