Վերաքննիչ դատարանը Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ փաստաբան Հրանտ Անանյանի բողոքը: 168.am-ին փոխանցեց փաստաբանը:
«Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտում խախտումներ արձանագրել է, բայց նշել է, որ ընդհանուր առմամբ ճիշտ որոշում է կայացվել: Բովանդակային առումով Վերաքննիչ քրեական դատարանը ևս լուրջ խախտումներ է թույլ տվել»,- ասաց Հրանտ Անանյանը՝ հավելելով, որ պատրաստվում են այս որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում:
Գագիկ Բեգլարյանը, որը, փաստաբանի խոսքով, այժմ գտնվում է արտասահմանում, որտեղ 2019 թվականի սեպտեմբերից բուժում է ստանում, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու) և 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով:
ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ Գագիկ Բեգլարյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և յուրացրել է առանձնապես խոշոր չափերի անշարժ գույք՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող 233 միլիոն 470 հազար դրամ արժողությամբ մանկապարտեզը:
Գ. Բեգլարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: