Գագիկ Բեգլարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. փաստաբան
Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որը մեղադրվում է 233 միլիոն դրամի գույքի յուրացման համար և որի նկատմամաբ հայտարարվել է հետախուզում, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: 168.am-ին հայտնեց Գագիկ Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Գագիկ Բեգլարյանը այժմ գտնվում է արտասահմանում, որտեղ 2019 թվականի սեպտեմբերից բուժում է ստանում և մինչև հիմա որևէ անգամ որևէ կարգավիճակով հարցաքննության չի հրավիրվել:
«Նա տեսականորեն անգամ չէր կարող ԱԱԾ քննչական դեպարտամենտի հրավերով գալ Հայաստան՝ որպես մեղադրյալ հարցաքննության մեկ օր առաջ ընտանիքի անդամին հանձնված ծանուցագրով: Նշված գործով քննչական մարմինը նախկինում որևէ անգամ որևէ կարգավիճակով նրան հարցաքննության չի հրավիրել, թեև, ըստ մեզ հասանելի նյութերի, սույն գործը քննել է 2019 թվականի մայիս ամսից: Քննչական մարմինը առանց հիմքերի անտեսել է պաշտպանի նախօրոք ներկայացված գրությունը նրա չներկայանալու պատճառների վերաբեյալ, ուստի՝ նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը չի կարող լինել օրինական, այն բողոքարկվելու է՝ օրենքով սահմանված կարգով իմ կողմից»,- ասաց Հրանտ Անանյանը:
Անդրադառնալով Գագիկ Բեգլարյանի՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվելու որոշմանը, փաստաբանը նշեց, որ մեղադրանքն անհիմն է:
«Դրանում նշված է իբր 23.12.2008 թվականին Կենտրոն համայնքի ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամներից 8-րդը՝ Դավիթ Դավթյանը չի մասնակցել, իբր բացակայել է Հայաստանից, սակայն պաշտպանության կողմը հենց կալանավորման միջնորդության քննարկանման միջանկյալ հատվածում ձեռք է բերել և ներկայացրել է անհերքելի փաստեր և ապացույցներ, որ տվյալ ավագանու անդամը գտնվել է Հայաստանում, տվյալ անձի սահմանահատումների վերաբերյալ տեղեկանքում առկա է առնվազն խոտան, դրանում նշված սերիա և համարով անձնագիր նա անգամ չի ունեցել, 2011 թվականին օգտագործված անձնագիրը ներկայումս առկա է և դրանում առկա գրառումների համաձայն տվյալ անձը գտնվել է Հայաստանում:
Դավիթ Դավթյանը գրավոր հարցմամբ պնդել է, որ տվյալ օրվա նիստի արձանագրությունը հենց ինքն է ստորագրել: Դատարանը, 3-4 դատական նիստում քննարկելով այս հարցերը, անտեսելով այս անհերքելի ապացույցները, կալանավորելու որոշում կայացրեց՝ «ընդառաջելով» ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Ուշագրավ է, որ ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը փորձել է «լղոզել» Գ. Բեգլարյանին վերագրվող մեղադրանքի այդ առանցքային, անկյունաքարային մասը՝ ըստ էության ընդունելով մեր պնդումը՝ դրա փոխարեն բառացի վերափոխելով հետյալ ձևակերպմամբ՝ «..Նախանշած հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ հիշյալ պաշտոնյան նախ գործող օրենսդրության դրույթների և ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթաց(…)»»,-ասաց փաստաբան Հրանտ Անանյանը:
Որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը վերագրվել է 2009թ. մարտին: Որոշման մեջ ասվում է, որ այդ ժամանակ, Գագիկ Բոգլարյանը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք:
«Այս մասով պետք է նշել, որ քրեական հետապնդման մարմինները անտեսել են, որ ՀՀ Կառավարության կողմից դեռևս 1997 թվականի թիվ 42 որոշմամբ տվյալ տարածքը հատկացվել է Կենտրոն համայնքին որպես ոչ բնակելի հասարակական տարածք և 16.03.2009 թվականին գործառնական նշանակություն՝ Երևանի քաղաքապետ Գ.Բեգլարյանը չի փոխել, փաստացի վիճակի արձանագրում է տեղի ունեցել, որևէ իրավական հետևանք չի առաջացրել, սակայն եթե անգամ առաջացներ՝ անօրինականության տարր չկա դրանում:
Ուշագրավ է, որ խնդրո առարկա մանկապարտեզին, որը եղել է առանձին ինքնուրույն կազմակերպություն, տվյալ տարածքը չի պատկանել, իրավական հիմք անգամ չի եղել այն մանկապարտեզի կողմից օգագործելու համար, ուղղակի տվյալ տարածքում փաստացի գործունեություն է իրականացրել մանկապարտեզը»,- նշեց փաստաբանը:
Հրանտ Անանյանի խոսքով՝ այդ գույքը սահմանված ընթացակարգի համաձայն գնահատման է տրվել լիցենզավորված կազմակերպության, որն էլ գնահատել է այն, որոշել օտարման գինը, իսկ Գ. Բեգլարյանը գինը որոշելու հարցում նույնպես գործել է իր լիազորությունների շրջանակներում:
«Քննչական մարմինը այդ մասով չի ներկայացրել որևէ ապացույց հակառակի մասին: Այս ընթացկարգով գույքեր են ձեռք բերել նաև ներկայիս իշխանության ներկայացուցիչներ, որի փակագծերը կբացեմ լրացուցիչ»,-հավելեց փաստաբանը:
«Դատարանը անտեսելով ամեն ինչ` իրեն վերապահել է ձեռագրաբանի գործառույթներ, իբր թե Դ. Դավթյանի 2008 թվականին ստորագրվածն այդքան էլ նման չէ նրա ներկայիս ստորագրությանը: Ի դեպ, եթե անգամ դա այդպես լիներ, դա նորմալ է, քանի որ դասագրքային ճշմարտություն է՝ ժամանակի ընթացքում ձեռագիրը փոխվում է: Առանց ձեռագրաբանական փորձաքննության նման փաստ չէր կարող հաստատվել, բայց ստացվում է, որ ներկայում ՀՀ-ում կան դատավորներ, որոնք առանց փորձագետի եզրակացության էլ կարողանում են նման «փաստեր» հաստատել»,-հավելեց փաստաբանը:
Հրանտ Անանյանի խոսքով` պաշտպանական կողմը դատարանի որոշումը գնահատում է անհիմն և չպատճառաբանված: Այն պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում: