Փաշինյանի ուղերձից պարզվեց՝ նախկինում ընդունված կարևոր դրույթների, նշանաբանների որևէ արտառոց, ցնցող վերանայում չի եղել. Հայկ Դեմոյան
168.am-ի զրուցակիցն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը
– Պարո՛ն Դեմոյան, 2018 թվականի իշխանափոխությունից հետո ինչպե՞ս եք գնահատում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ կատարված աշխատանքը:
– Սովորաբար իմ վերլուծություններում որևէ իշխանափոխություն կամ հեղափոխություն չեմ կապում Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, որովհետև այդ գործընթացն ինքնին է ընթանում: Իհա՛րկե, փորձում են սփյուռքի որոշ կառույցների կամ դեսպանատների միջոցով այդ գործընթացի վրա ազդել, որոշ
դեպքերում ճանաչումներ եղել են հենց դրա հետևանքով, սակայն ներհայաստանյան քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա, եթե, իհարկե, չի հայտարարվում հստակ քաղաքական կուրսի փոփոխության մասին, իսկ դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձից, պարզ դարձավ, որ նախկինում ընդունված դրույթների, նշանաբանների որևէ արտառոց, ցնցող վերանայում չի եղել, և սա ևս դրական եմ համարում:
– Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում վերջին երկու տարիների ընթացքում ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:
– Միացյալ Նահագների Կոնգրեսի Ստորին և Վերին պալատներում ճանաչումները չենք կարող ասել, որ կապված էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին, կամ այդ ուղղությամբ կատարվել էր լայնածավալ աշխատանք: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում էին շատ ավելի վաղուց: Ամերիկյան ներքին և արտաքին քաղաքական օրակարգերում կարևոր որոշումներն ընդունվում են դրանց հետ կապված շատ հանգամանքները ծանր ու թեթև անելուց հետո միայն, այնպես որ, այդ ճանաչումը չէր կարող հանպատրաստի ու չծրագրավորված
գործողություն լիներ: Զարմանալի է, որ երկար տարիներ այսքան չարչրկվելուց հետո դա տեղի ունեցավ, թեև, եթե դա տեղի ունենար 5 տարի առաջ՝ 100-ամյակին, այն ավելի իմաստալից և խորհրդանշական կլիներ: Ենթադրում եմ, որ ամերիկյան այս որոշումն ուներ մեկ այլ կողմ ևս՝ մտածել են, որ հայկական շրջանակներից դրանից հետո էլ իրենց անընդհատ չեն անհանգստացնի լոբբիստական աշխատանքներով ու
ճանաչման փաստաթղթերով: Նույնիսկ Նահանգներում հայկական համայնքի համար էր այս ճանաչումն անսպասելի: Մեր իրականության մեջ դա այնպիսի կայծակնային արագությամբ տեղի ունեցավ, որ շատերը չկարողացան ընկալել դրա կարևորությունը: Իհա՛րկե, կարևոր է, որ Եվրամիության երկրների ճնշող
մեծամասնությունից, Ռուսաստանից հետո վերջապես Հայոց ցեղասպանությունը ճանաչում է նաև ԱՄՆ-ի նման գերտերությունը:
– Արդյո՞ք Ցեղասպանության ճանաչումն ու դրան իրավական ձևակերպում տալը գտնվում է հեղափոխական իշխանության արտաքին քաղաքականության օրակարգում:
– Մեր բոլոր ջանքերը և Հայաստանի ներքին և արտաքին գերատեսչությունների աշխատանքները պետք է շարունակվեն այս ուղղությամբ, սփյուռքյան մեր կառույցների հետ պետք է շարունակել աշխատանքը՝ ճանաչումից հետո իրավական հատուցման պահանջով, ինչի մասին, ի դեպ, նշված է Ցեղասպանության
100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրում: Մենք իրավական փաթեթ պետք է ներկայացնենք, թե ինչ ենք հասկանում՝ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում ասելով, և ինչպես ենք այն սահմանում ու ձևակերպում: Պետք է հստակ իրավական ձևակերպումներ տրվեն, որ եթե հարցնեն՝ ինչ ենք ուզում, կարողանանք հիմնավոր կերպով ներկայացնել մեր պահանջը աշխարհի բոլոր լսարաններին: Սա պետք է լինի մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, որովհետև Հայոց ցեղասպանության թեման մեր ազգային հավաքականության, պետականության և անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է, և որքանով դրան անդրադառնում ենք, այդքանով բարձրաձայնում ենք մեր անվտանգության հարցը, այնպես որ, սա զուտ հիշողության հարց չէ:
– Խորհրդարանական դիվանագիտությունն այս տարիների ընթացքում ձեռքբերումներ ունեցե՞լ է արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր լոբբիստական աշխատանքում: Մեր պատգամավորները որքանո՞վ են կարողանում այս հարցը պահել իրենց միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում:
– 2014-2015 թվականների խորհրդարանական դիվանագիտությունն այս հարցով բավականին ակտիվ էր, և դա հասկանալի էր՝ 100-րդ տարելիցն էր: Որքան ես գիտեմ, հիմա մի քանի առիթներ են եղել, և Եվրախորհրդարանում այս հարցը բարձրացվել է: Սակայն վերջին փոփոխությունների հետ կապված խնդիրներ են առաջացել, բայց դա չի նշանակում, որ Ցեղասպանության հարցը պետք է դառնա լուսանցքային և մղվի ետին պլան:
– Հայաստանն արդյոք ունի՞ հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ ձևավորելու անհրաժեշտություն, որի հիմքում պետք է դնել Ցեղասպանության ճանաչումը և հատուցումը: Արդյո՞ք այդ ուղղությամբ դիվանագիտական քայլեր նշմարվում են այսօր։
– Թուրքիան տակավին շարունակում է Հայաստանի Հանրապետությանն առաջարկել բացարձակ անընդունելի նախապայմաններ: Հայկական կողմը հստակ ձևակերպել է իր մոտեցումները՝ շեշտը դնելով բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, երկկողմ դիվանագիտական կապերը վերականգնելու և սահմանների ապաշրջափակման կարևորության վրա: Սակայն արդեն 18 տարի Թուրքիայում իշխող քաղաքական վերնախավից ակնկալել կտրուկ փոփոխություններ այս ուղղությամբ, անիմաստ է:
Ես չէի կապի իմ ակնկալիքներն ԱՄՆ նախագահի ելույթի տեքստի հետ, եթե անգամ նա Ցեղասպանություն եզրույթն արտաբերեր, հարց է առաջանում՝ հետո՞ ինչ ենք անելու. Ասենք՝ մյուս ԱՄՆ նախագահը նույն հաջողությամբ կարող է չարտաբերի բաղձալի եզրույթը: Արժանի ուշադրություն եմ դարձնում այլ բանի վրա. այս տարի լրանում է Սևրի պայմանագրի և մեկ այլ կարևոր պատմական փաստաթղթի՝ Վուդրո Վիլսոնի կողմից ընդունված և հաստատված արբիտրաժային որոշման 100-րդ տարին: Այդ որոշմամբ ԱՄՆ-ին տրվեց իրավունք՝ որոշելու Հայաստանի և Թուրքիայի սահմանները, և այն վավերացվեց ԱՄՆ մեծ կնիքով, այսինքն՝ փաստացի ԱՄՆ-ին տրված էր մանդատ որոշելու Հայաստանի սահմանները: Այդ որոշումը պաշտոնական կիրառման մեջ է եղել, և դրա մասին են վկայում նաև 1920 թվականին թողարկված եվրոպական և ամերիկյան քարտեզները, որոնցում Հայաստանն ու Թուրքիան պատկերված են վիլսոնյան սահմաններով: Հարցը հետևյալն է՝ ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով այս տարվա նոյեմբերին դրան կանդրադառնան ամերիկյան քաղաքական գործիչներն ու օրենսդիրները: Ինչ գնահատականներ որ տան, դրանից էլ պարզ կլինի ԱՄՆ-ի հետագա մոտեցումը Հայոց ցեղասպանության թեմային: