1000 խոշորները

Հրապարակվեց այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Ինչ-որ իմաստով այն ավելի սպասված էր, քան անցած տարվանը: 2019-ի առաջին եռամսյակի տվյալների հրապարակումը սպասված էր համեմատելու համար: Հետաքրքիր էր դիտարկել նոր իշխանությունների շրջանում գրանցված տնտեսական տվյալները: Դիտարկել ու համեմատել նախորդ տարիների տվյալների հետ:

Նախորդ տարի եռամսյակ առ եռամսյակ համեմատեցինք ու տեսանք, որ որակական փոփոխություններ չկան, դրանք միայն քանակական են: Տնտեսության կառուցվածքային փոփոխություններ չկան: Հետևաբար՝ այս տեսանկյունից լուրջ սպասումներ արդեն չկան: Այս տարվա հրապարակման սպասումը բոլորովին այլ պատճառներ ուներ: Սրանք նորմալ պայմաններում գործող տնտեսության վերջին տվյալներն են: Համավարակը, համաշխարհային տնտեսության հետ մեկտեղ, մեր տնտեսությունն էլ է ձևափոխում-այլանդակում: Հետևաբար՝ հաջորդ եռամսյակային ցանկ-հաշվետվություններն իսկապես այլ են լինելու:

Եթե միջազգային կազմակերպությունների տնտեսական կանխատեսումներն իրականանան՝ տնտեսության վերականգնված պատկեր մեկ տարուց ավելի չենք տեսնելու:

Հիմա դիտարկենք մեր խոշոր տնտեսվարողների վերջին «բնական» վիճակագրությունը: Առաջին քսանյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցանկի հետ համեմատած՝ լուրջ փոփոխություններ չկան: Չհաշված ներքին տեղափոխությունները՝ պիտի արձանագրենք, որ 20-ից 16 ընկերություն կային անցած տարվա ցանկում: Իսկ հայտնվածներին նոր կամ անծանոթ չես համարի:

Օրինակ, անցած տարի «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը 202-րդ տեղում էր: Բայց դա հավանաբար տնտեսական ներքին խնդիրների հետևանքով էր: Ուստի այս տարի ընկերությունը վերադարձել է նախորդ՝ առաջատար դիրքերին: Նույն բացատրությունն ունի նաև «Ֆիլիպ Մորիսը»:

Իսկ համաշխարհային-համավարակային ազդեցությունն ամենանկատելին է «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի» պարագային:

2019-ի առաջին եռամսյակում այս կազմակերպությունը մուծել էր 6.684 մլրդ դրամ հարկ և 3-րդն էր ցանկում: Այս տարի 6-րդն է՝ 3.479 մլրդ դրամ հարկային մուծումով:

Ի՞նչ դիրք կունենան դիզվառելիք ու բենզին ներմուծող երեք խոշոր ընկերությունները, որոնք այսօր դեռ առաջին քսանյակում են, դժվար է հաշվարկելը:

Խոշոր հարկատուներից գանձված գումարներն այս տարի մոտ 9 տոկոսով ավելի են նախորդ տարվանից: Սակայն արդեն նկատելի է համավարակային ճգնաժամի հետևանքը: Դեռևս հրապարակված չեն մեր արտաքին առևտրի հունվար-մարտի տվյալները: Ներմուծումների քանակի մասին ամփոփ տվյալներ դեռ հրապարակված չեն: Բայց արդեն խոշոր տնտեսվարողների մասին հրապարակված տվյալներով կարելի է պնդել, որ արտաքին առևտուրը նկատելի կրճատվել է:

Անցած տարի 1000 խոշոր հարկատուներից մաքսային մարմինները հավաքագրել են 43.948 մլրդ դրամ: Այս տարվա ցուցանիշը 42.839 մլրդ դրամ է: Սա՝ այն դեպքում, երբ բոլոր հարկատեսակների գծով աճ է արձանագրվել:

Արձանագրվել է այս չափաբաժիններով՝ շահութահարկ 34.345 մլրդ դրամ՝ 2019-ի 27.060-ի դիմաց, եկամտահարկ 53.260 մլրդ՝ 50.395-ի դիմաց, ավելացված արժեքի հարկ 117.560 մլրդ՝ 104.839-ի դիմաց, ակցիզային հարկ 24.888 մլրդ՝ 20.222-ի դիմաց:

Ընդ որում՝ ակցիզային հարկի աճը հիմնականում պայմանավորված է ծխախոտ արտադրող ընկերությունների մուծումների աճի հաշվին: Ինչպես նաև այն փաստի, որ «Ֆիլիպ Մորիս Արմենիան» անցած տարվա 620 մլն-ի դիմաց այս տարի 2.267 մլրդ դրամ ակցիզային հարկ է մուծել:

Մեկ փաստ ևս կարևոր է արձանագրել. առաջին 20-յակում ոչ մի բանկ չկա: «Ամերիա բանկը» մուծած 1.526 մլրդ դրամ հարկերով՝ 24-րդն է, իսկ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլը»՝  մոտ 1.489 մլրդ դրամով, 26-րդը:

Խաղաղ (իմա՝ ոչ համավարակի) պայմաններում կարելի էր վերլուծել խոշոր ընկերությունների կառուցվածքը՝ ըստ տնտեսության ոլորտի: Վերլուծել ու նկատել, որ այն ժամանակակից չէ: ՏՏ ու այլ նման բաներ, օրինակ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ունենալու պարագային: Սակայն համաշխարհային տնտեսական կոլապսի պարագային հնարավոր է, որ սա աճ արձանագրող վերջին հաշվետվություններից է:

Տեսանյութեր

Լրահոս