Բաժիններ՝

«Լինում են ոչ ստույգ գրանցումներ, որոնք հետագայում վերամշակման և լրամշակման կարիք ունեն». փոխնախարարը` Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերի վերանայման մասին

Օրերս «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով խոսակցություններին, թե ինքը որոշել է վերանայել թանգարան-ինստիտուտի ֆոնդերը, ասել էր` ոչ թե ֆոնդերի վերանայում է կատարվում, այլ վերահաշվառում:

«Ցանկացած նոր տնօրեն, երբ գալիս է, ինքը փորձում է հասկանալ նախորդի թողած ժառանգությունը, և միշտ լինում է վերահաշվարկ: Վերջին ավելի քան 10 տարում դա չի եղել, հիմա ֆոնդապահները յուրաքանչյուր առարկա հատ առ հատ վերցնում են, նայում, համեմատում համարները, առկայությունը, ստուգում բաժնի ֆոնդային մատյանում, գլխավոր գույքային մատյանում: Այսինքն` ճշտում են դրանց առկայությունը թանգարանում: Դա պրոցես է` ժամանակ պահանջող, և այս տարի պետք է ավարտվեր, որովհետև մարտի 27-ին պիտի լիներ մեր հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ պիտի զեկուցվեր արդյունքների մասին: Հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվեց, և այդ արդյունքների մասին չզեկուցվեց»,- նշել էր նա:

Հարցին` կարո՞ղ ենք ասել, որ փորձում եք ազատվել, հրաժարվել հների կամ նախկինների ժառանգությունից, Հարություն Մարությանն արձագանքել էր. «Բացարձակապես, ինչո՞ւ եք այդպես ձևակերպում: Պատկերացրեք` դուք տուն եք գնել, այդ տանը կա գրադարան, դուք մի հատ վերահաշվառում եք, քանի որ այդ մարդն ասում է, որ ձեզ թողել է 1000 գիրք, հիմա պիտի հաշվառեք և տեսնեք` 1000 գի՞րք է, թե՞ 500: Այս նույն վիճակն է, այդ խնդիրն ենք փորձում կարգավորել: Դա նորմալ գործընթաց է ցանկացած թանգարանում»:

Ապրիլի 21-ին կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ընթացքում 168.am-ը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից փորձել ճշտել` «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը դիմե՞լ է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ֆոնդերի վերանայման կամ, ինչպես իրենք են ձևակերպում` ֆոնդերի վերահաշվառման հետ կապված թույլտվություն ստանալու խնդրանքով: Եթե այո, ապա խնդրել էինք ասել` կոնկրետ ինչ խնդրանք է ներկայացվել` վերանայմա՞ն, թե՞ վերահաշվառման, քանի վերահաշվառումն արդեն իսկ ընթացքի մեջ է»:

Մեր հարցադրմանն Արայիկ Հարությունյանը նպատակահարմար չգտավ բանավոր պատասխանել և առաջարկեց գրավոր ուղարկել: Մենք այն ուղարկեցինք, բայց քանի որ երկու օր անց դեռ ոչ մի պատասխան չենք ստացել արդեն ասուլիսում հնչած հարցին, այն այսօր ուղղեցինք նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին:

Փոխնախարարը հիշեցրեց, որ այն տրվել էր օրեր առաջ նախարար Հարությունյանին, և, թե ինչ էր պատասխանել նա: Այնուհետ Արա Խզմալյանը նշեց, որ թանգարանային գործունեության մեջ ֆոնդերի հաշվառումը և վերահաշվարկը բնական աշխատանքային գործընթաց է:

«Այսինքն` պարբերաբար լինում են համալրումներ, ոչ ստույգ գրանցումներ, որոնք հետագայում վերամշակման և լրամշակման կարիք ունեն: Անկեղծ ասած, այս հարցադրումից չեմ կարողանում հասկանալ մտահոգությունը, բայց եթե կա որևէ մտահոգվելու խնդիր, խնդրում եմ գրավոր դիմել: Կրկնում եմ` այն, ինչ նկարագրվում է այստեղ, սա թանգարանների ամենօրյա գործունեությունն է»,- հավելեց փոխնախարարը:

168.am-ը, իհարկե, սպասելու է մի քանի անգամ հրապարակային հնչած և գրավոր ուղարկված հարցի պատասխանին, իսկ փոխնախարար Արա Խզմալյանին կասենք` եթե ամեն ինչ այդքան պարզ է, հստակ և ամենօրյա գործունեություն, ապա ինչո՞ւ երկու ասուլիսի ընթացքում չենք կարողանում ստանալ դրա պատասխանը` «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ղեկավարությունից նամակ ստացվե՞լ է, ի՞նչ խնդրանք է եղել, և որքանո՞վ է այն բավարարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս