Բաժիններ՝

«Այո´, օգտագործված է «իրադարձություններ» բառը, սակայն դրա շեշտադրումը Հայկ Դեմոյանի կողմից կրում է հարցին կոնտեքստից դուրս անդրադարձի բնույթ». Հարություն Մարության

Ոչ թե ֆոնդերի վերանայում է կատարվում, այլ վերահաշվառում. 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը` անդրադառնալով խոսակցություններին, թե ինքը որոշել է վերանայել թանգարան-ինստիտուտի ֆոնդերը:

«Ցանկացած նոր տնօրեն, երբ գալիս է, ինքը փորձում է հասկանալ նախորդի թողած ժառանգությունը, և միշտ լինում է վերահաշվարկ: Վերջին ավելի քան 10 տարում դա չի եղել, հիմա ֆոնդապահները յուրաքանչյուր առարկա հատ առ հատ վերցնում են, նայում, համեմատում համարները, առկայությունը, ստուգում բաժնի ֆոնդային մատյանում, գլխավոր գույքային մատյանում: Այսինքն` ճշտում են դրանց առկայությունը թանգարանում: Դա պրոցես է` ժամանակ պահանջող, և այս տարի պետք է ավարտվեր, որովհետև մարտի 27-ին պիտի լիներ մեր հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ պիտի զեկուցվեր արդյունքների մասին: Հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվեց, և այդ արդյունքների մասին չզեկուցվեց»,- նշեց նա:

Դիտարկմանը` կարո՞ղ ենք ասել, որ փորձում եք ազատվել, հրաժարվել հների կամ նախկինների ժառանգությունից, Հարություն Մարությանն արձագանքեց. «Բացարձակապես, ինչո՞ւ եք այդպես ձևակերպում: Պատկերացրեք` դուք տուն եք գնել, այդ տանը կա գրադարան, դուք մի հատ վերահաշվառում եք, քանի որ այդ մարդն ասում է, որ ձեզ թողել է 1000 գիրք, հիմա պիտի հաշվառեք և տեսնեք` հազա՞ր գիրք է, թե՞ հինգ հարյուր: Այս նույն վիճակն է, այդ խնդիրն ենք փորձում կարգավորել: Դա նորմալ գործընթաց է ցանկացած թանգարանում»:

Հարցին` իսկ ի՞նչ կասեք Հայոց ցեղասպանության հետ կապված Ձեր վիճահարույց ձևակերպումների վերաբերյալ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենը պնդեց` ոչ մի վիճահարույց ձևակերպում չունի:

Լրացմանը` Դուք չե՞ք փորձել խուսափել «ցեղասպանություն» եզրույթից ՀՀ սահմաններից դուրս, Մարությանը վստահեցրեց. «Այդպիսի բան չկա, գնացեք և լսեք իմ ձևակերպումները»:

Ֆեյսբուքյան իր էջում, այնուհետև՝ նաև 168.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն անդրադարձել էր, մասնավորապե,ս Մարությանի` Հունաստան կատարած գործուղման ընթացքում տված հարցազրույցում հնչեցրած մտքերին, որտեղ, ըստ Դեմոյանի, Հ. Մարությանը խուսափելով «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից՝ կիրառել է թուրքական ժխտողական պատմագրության կողմից լայնորեն կիրառվող «իրադարձություններ» եզրույթը», ու նշել է նաև, թե հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետը չէ, և այլն:

168.am-ի հետ զրույցում Մարությանը վստահեցրեց, թե իր մտքերը ճիշտ չեն ներկայացվել, թարգմանվել:

«Իմ խոսքի թարգմանությունը ձևափոխված է պրն Դեմոյանի մեջբերման մեջ. ես ասել եմ՝ «Գիտեք, ես հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների գիտնականը (scholar) չեմ»: Բառացիորեն հաջորդող նախադասության մեջ ես պարզաբանում եմ, թե ինչ նկատի ունեմ. «Ես գերազանցապես հետազոտող (researcher) եմ հիշողության, հիշատակման խնդիրների շուրջ»։ Scholar և expert/specialist («մասնագետ» – ինչպես բերված է Դեմոյանի կողմից) բառերը տարբեր իմաստներ ունեն։ Այո, թաքցնելու բան չկա, և դա շատ լավ երևում է իմ հրապարակումների ցանկից (որոնք ևս հասանելի են համացանցում, տե´ս այս կայքում), որ իմ աշխատանքների ճնշող մեծամասնությունը վերաբերում է Հայոց ցեղասպանության հիշողության հարցերին։ Սակայն բուն Հայոց ցեղասպանության (1915-1923) մասին նույնպես ունեմ հրապարակումներ, դրանք մեծ չափով արտացոլված են նաև իմ հայերեն և անգլերեն հրատարակված մենագրության մեջ, հայերեն ու անգլերեն հոդվածներում։ Այս մենագրությունը՝ «Հայ ինքնության պատկերագրությունը։

Հատոր 1. Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը» (նաև մի շարք հոդվածներ) 2012 թ. արժանացավ Հանրապետության նախագահի (2011 թ. համար) «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ»-ին՝ «Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության և Ղարաբաղյան շարժման միջև եղած աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության և մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար»։ Որոշում, որը կայացվել է նաև ընտրող հանձնաժողովի անդամ պրն Դեմոյանի կողմ քվեով։

Այո´, օգտագործված է «իրադարձություններ» բառը, սակայն դրա շեշտադրումը Հ. Դեմոյանի կողմից կրում է հարցին կոնտեքստից դուրս անդրադարձի բնույթ։ Քանի որ նույն հարցազրույցի 6.45 րոպեների ընթացքում ես չորս անգամ օգտագործում եմ կամ «Հայոց ցեղասպանություն», կամ «ցեղասպանություն» եզրույթները։

Հաջորդ մեղադրանքը. «Հիմա հասկանալի՞ է, թե ինչու թանգարանի ցուցադրություններում «Եղեռն» բառը փոխարինում է «ցեղասպանություն» կարևոր ու տարողունակ եզրույթին»։ Հետաքրքրվողներին կարող եմ խորհուրդ տալ այցելել թանգարանի հիմնական ցուցադրություն և ուշադիր ընթերցել բացատրագրերի տեքստերը (որոնք կազմվել են պրն Դեմոյանի տնօրեն լինելու ժամանակ՝ 2015 թ.) ու հաշվել, թե քանի՞ անգամ է օգտագործված «Մեծ եղեռն» ու քանի՞ անգամ՝ «Հայոց ցեղասպանություն» եզրույթները (տե´ս նաև ստորև)։ Էլ չասեմ այն մասին, թե քանի-քանի գրքեր ու հոդվածներ կան «Մեծ եղեռն» եզրույթի օգտագործմամբ, և ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ կերպ նվազեցվում է Հայոց ցեղասպանության իրավական կողմը:

Հաջորդ մեղադրանքն է. «Հ. Մարությանի մյուս վտանգավոր «ակադեմիական» նորամուծությունը հայերի դիմադրությունը (այսպես է նա անվանում ինքնապաշտպանական մարտերը) Հայոց ցեղասպանության թեմայում գլխավոր պատում դարձնելու և տեղի ունեցած հանցագործության անմարդկային ու քստմնելի դրվագներն ու հետևանքները երկրորդ պլան մղելու ջանքերն են»։ Կրկին բացարձակ սուտ։

Հարցազրույցի 2.52-3.43 րոպե ժամանակահատվածում իմ կողմից ասվում է հետևյալը. «Խորհրդային իշխանությունն առաջարկում էր մեզ հիշել ոչ թե պայքարը (struggle), այլ միայն կորուստները։ Եվ լավ չէ, երբ քեզ զգում ես միայն ու միայն զոհ։ Այո, մենք զոհ էինք (victims), ինչպես որ դուք [պոնտացի հույները], բայց նաև, երբ դա հնարավոր էր, մենք պայքարում էինք (struggling), մենք պաշտպանում էինք ինքներս մեզ (defending ourselves). ինքնապաշտպանական մարտերը (self-defense battles) տեղ են գտել գոնե 8-10 խոշոր քաղաքներում, բնակավայրերում, հարյուրավոր գյուղերում մարդիկ պաշտպանում էին (defending) իրենք իրենց մի քանի ժամ, մեկ-երկու օր, բայց շատ կարևոր է շեշտել այս հարցը՝ հաղթահարելու համար զոհի կարծրատիպը (victimhood stereotype)»,- ասաց մեր զրուցակիցը՝ շարունակելով,- Նկատեմ, որ նման հարցերին ես անդրադառնում եմ տարիներ շարունակ, և առաջին անգամ դա եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի 2014 թ. ապրիլին (երբ տնօրենն էր Հ. Դեմոյանը) կազմակերպած «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» վերտառությամբ գիտաժողովին՝ «Ինքնապաշտպանության ֆենոմենը Հայոց ցեղասպանության տարիներին» զեկուցմամբ։

Այն հոդվածի ձևով հրատարակվել է նաև «Ցեղասպանագիտական հանդեսի» 2015 թ. թիվ 1-2-ում։ Նկատեմ, որ պարբերականի գլխավոր խմբագիրը Հ. Դեմոյանն էր։ Հոդվածն ավարտվում է հետևյալ մտքով. «Ունենք Ցեղասպանության տարիների ինքնապաշտպանական կռիվների դեռևս լիարժեք գնահատականի սպասող իրողությունը, ունենք շուրջ քսանհինգամյա ազգային պետականություն, արցախյան հաղթանակների գործոնը։ Կարծում եմ` վաղուց ժամանակն է վերաիմաստավորել հիշողության օրվա խորհուրդը, ձևափոխել այն, իրականացնել առնվազն շեշտադրումների փոփոխություն և շրջանառության մեջ դնել այլ բանաձևում. «Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանական կռիվների հերոսների հիշատակի օր»։

Կա՞ այստեղ ինքնապաշտպանական կռիվները «գլխավոր պատում» դարձնելու միտում։ Ես որ չեմ տեսնում։ Այո, իմ հաջորդիվ հրապարակումներում, ինչպես վերը նշեցի, նույնպես այս հարցը բարձրացնում եմ, սակայն երբեք չի եղել ինքնապաշտպանությունը «գլխավոր պատում» դարձնելու միտում։

Վերջին անգամ հիշատակի օրվա նույն ձևակերպումն առաջարկվել է 2018 թ. իմ հեղինակած հոդվածում («Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ձևավորումը, զարգացումները, մերօրյա վիճակը»), տողատակում ավելացնելով հետևյալը. «Առաջարկվող ձևակերպումը ենթակա է խմբագրման։ Տարբերակներից մեկը կարող է լինել հետևյալը. «Հայոց ցեղասպանության հիշատակի օր. զոհեր, դիմադրողներ, վերապրողներ»։ Համենայն դեպս, նման ձևակերպում առաջարկվեց ՀՑԹԻ-ի գիտական խորհրդի նիստերից մեկի ժամանակ։

Մի՞թե պարոն Դեմոյանի մտքով անցել է նվազեցնել «Հայոց ցեղասպանություն» եզրույթի իրավական դերը, առավել ևս՝ նշանակությունը, կամ չկարևորել Հայոց ցեղասպանության ընթացքում դիմադրություն ցույց տված հայորդիներին, երբ Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-ամյակի միջոցառումների շրջանակում նա կազմակերպել էր «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ Եղեռնի տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրություն և նույն վերնագրով տպագրել նույնանուն ցուցադրության պատկերագիրքը։ Կարծում եմ՝ ոչ։ Հակառակը՝ մենք շատ ուրախ ենք, որ նա ձեռնարկել էր այդ գործը, սակայն, թե ինչու է հինգ տարի անց մոռացել դրա մասին՝ միայն մեկ պատասխան է մարդու մտքին գալիս. Հայկ Դեմոյանի համար հիշողությունը ոչ թե փոփոխական է (գիտությունն է այդպես ասում), այլ՝ «մոռացական»։ Թարմացնելու համար Հ. Դեմոյանի հիշողությունը, մեջբերենք նրա խոսքը.

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մենք ավարտում ենք հենց այս շեշտադրմամբ՝ ինքնապաշտպանություն։ Մեզանում թյուր կարծիք կա, թե Ցեղասպանության ժամանակ մարդիկ հլու-հնազանդ գնացել են դեպի մահը։ Այդպես չէ, դա ոչ մասնագիտական պատկերացում է։ Ցեղասպանությունները միշտ ուղեկցվում են դիմադրությամբ, դա բնության օրենքն է։ Եվ գյուղերում, քաղաքներում ապրող մեր հայորդիները՝ տղամարդիկ, կանայք, ծերունիները, իրենց լուման են ներդրել փրկության համար։ Դա միայն փրկության պայքար չի եղել, դա եղել է արժանապատվության համար պայքար»։

Հրաշալի միտք է, միայն թե ափսոս՝ մոռացված այն արտաբերողի համար։ Դա, թերևս, մարդու բնավորության գիծն է՝ շատ իրողություններ մոռանալ կամ փոփոխված տարբերակով հիշել, այն է՝ միայն իրեն ցանկալի դրվագները»:

Հարություն Մարությանի մեջբերած՝ իրեն ուղղված Հայկ Դեմոյանի հաջորդ մեղադրանքը. «…Ես եկել եմ թանգարան-ինստիտուտ, որպեսզի որոշ փոփոխություններ իրականացնեմ, քանզի հիշողությունը կայուն ու հաստատ երևույթ չի, այլ ենթակա է փոփոխությունների: Հատկապես, երբ ցանկանում ենք երիտասարդներին մատուցել այս հարցը, պետք է որոշ դրական տարրեր ներկայացնենք, ինչպես, օրինակ, օգնությունը, խոսել համերաշխության մասին: Ինչո՞ւ խոսենք ջարդերի ու կոտորածների մասին միայն, եկեք խոսենք նաև այլ հարցերի մասին: Շատ դժվար է կարծրատիպերը փոխել, ժամանակ է պետք, և ես ենթարկվում եմ քննադատության»:

Մեր զրուցակցի պարզաբանումը

«Այս տեքստն իմ կողմից ասվել է՝ իբրև անմիջական շարունակություն ինքնապաշտպանությունների մասին մտքի։ Այսինքն, ասելով՝ «հիշողությունը ենթակա է փոփոխությունների» (ինչը գիտության կողմից հաստատված իրողություն է), «եկեք խոսենք այլ հարցերի մասին», ես մշտապես նկատի եմ ունեցել զոհի կարծրատիպի հաղթահարման հարցը։ Մեկ միտքը հաջորդում է մյուսին, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է, սակայն, երբ կոնտեքստից կտրում ես (ինչով և զբաղված է պրն Դեմոյանը), ստացվում է ուրիշ բան։ Անգամ աթենքյան զեկուցման մեջ ես հետևյալ խորհուրդն եմ տալիս. «Փորձեք շեշտադրել ոչ միայն զոհերի թեման, այլ նաև ինքնապաշտպանությունների։ Դա օգտակար կլինի պոնտական ուսումնասիրությունների մեջ ներգրավելու երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին»։

Երբ ես խոսում եմ ցեղասպանության տարիներին «օգնության, համերաշխության մասին», ես նկատի ունեմ բռնագաղթի, աքսորի ընթացքում միմյանց օգնելու, օժանդակելու մասին, ինչը նաև գիտության մեջ մեկնաբանվում է՝ որպես դիմադրության ձև (Խաչիկ Մուրադյանն ունի ատենախոսություն այս խնդրի շուրջ-«The Armenian Genocide and Resistance in Ottoman Syria during WWI»)։ Ես բնավ նկատի չունեմ թուրքերի կողմից հայերին օգնելու, առավել ևս՝ փրկելու հարցը։ Այս խնդրի շուրջ նույնպես հրապարակի վրա են իմ հոդվածները հայերեն, անգլերեն և լեհերեն («Հայոց ցեղասպանության տարիներին հայերի իրական և կեղծ փրկության խնդրի շուրջ»)։

Եվ կրկին իմ վերն ասված մտքի աղավաղում. «ինչպե՞ս պետք է մատուցվի ցեղասպանության թեման, երբ ինքդ քեզ համարում ես այդ թեմային չտիրապետող անձ»: Այստեղ կրկին խորհուրդ կտամ ցանկացողներին համեմատել իմ և Հ. Դեմոյանի թողած գիտական ժառանգությունը։ Նախ՝ նկատեմ, որ Հայկ Դեմոյանի ո´չ թեկնածուական, և ո´չ էլ դոկտորական ատենախոսությունները կապ չունեն Հայոց ցեղասպանության թեմատիկայի հետ։ Լավ, գուցե հրապարակումնե՞րն են առնչվում Հայոց ցեղասպանությանը։

Վիկիպեդիան նշում է, որ Դեմոյանը հեղինակ է 12 մենագրությունների։ Դրանցից առնվազն 9-ի վերնագրերը հուշում են, որ այդ աշխատությունները որևէ կապ չունեն Հայոց ցեղասպանության հետ։ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» աշխատության հեղինակը նշված է Հ. Դեմոյանը, մինչդեռ նա ընդամենը մամուլի առաջին էջերի լուսանկարների ժողովածուի կազմողն է և ո´չ երբեք՝ հեղինակը։ Նրա հեղինակային տեքստը ներածականն է և ընդամենը 1 էջ է։

Մնացած գրությունները լուսանկարներում առկա նյութերի բացատրագրերն են։ «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» աշխատությունը (երկու հրատարակություն) Հ. Դեմոյանն ինքն է «Մուտքի խոսքում» բնութագրում՝ որպես «ալբոմ-մենագրություն»։ Այո, նրա անունը՝ որպես հեղինակ, կրող գրքերն ընդամենը գեղեցիկ ալբոմներ են՝ ընտիր պատկերներով ու լուսանկարներով, որոնցից մեկի մասին էլ ես եմ դրական գրախոսական գրել։

Հաջորդ մեղադրանքը։ Իմ հարցազրույցից հերթական անգամ կոնտեքստից դուրս ձևակերպում է վերցվում ու մեկնաբանվում. «Ես ազգագրագետ եմ և գործ ունեմ մարդկանց հետ, պատմաբանները գործ ունեն փաստաթղթերի ու գրքերի հետ, բայց այստեղ պետք է մարդկանց հետ գործ ունենանք. արդյո՞ք նրանք փոփոխություններ են ցանկանում, այլ տեսակետներ լսել»: Հիմա հասկանալի՞ է, որ առաջին հայացքից այս մարդկային թվացող ցանկությունների տակ Հ. Մարությանը պարզապես փաթեթավորում և մեզ է մատուցում Հայոց ցեղասպանության ժխտման մի նոր ու չափազանց վտանգավոր դրսևորում, որի հետևանքների հետ դեռ երկար ժամանակ ստիպված կլինենք գործ ունենալ»:

Հարցազրույցից մեջբերման մեջ կրկին մեկ միտք է բաց թողնված. «Դու [որպես հետազոտող] պետք է հասկանաս, թե ի՞նչ են մարդիկ զգում և ինչպե՞ս են դա զգում»։ Այս միտքը կրկին շարունակությունն է վերը բերված այն գաղափարի, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ինքնապաշտպանությունների, դիմադրությունների հարցին։

Պաշտոնական ձևով արդեն երեք տասնյակ տարի, ոչ պաշտոնական՝ շուրջ մեկ դար, մենք նշում ենք «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»։ Ինքնապաշտպանությունների, դիմադրությունների թեման վերջին տարիներին համեմատաբար ավելի է շոշափվում, սակայն այն պաշտոնական հիշողության մեջ ինստիտուցիոնալիզացված չէ։

Մինչդեռ կան ոչ քիչ թվով երիտասարդ և միջին տարիքի մարդիկ, որոնք չեն ուզում իրենց զգալ լոկ զոհերի ժառանգներ։ Ես դա´ նկատի ունեմ, երբ ասում եմ, թե՝ «Դու [որպես հետազոտող] պետք է հասկանաս, թե ի՞նչ են մարդիկ զգում և ինչպե՞ս են դա զգում. արդյո՞ք նրանք փոփոխություններ են ցանկանում, արդյո՞ք նրանք այլ տեսակետներ ունեն, գուցե այլ տեսանկյունների մեջ են նրանք ավելի հետաքրքրված»։

Այստեղ բնավ չկա հակադրություն պատմաբանների հետ, պարզապես իմ խոսքում բարձրացրած խնդիրները չեն դիտարկվում գրքերում և փաստաթղթերում։ Սա´ է եղել իմ խոսքի իմաստը։ Մի բան, որ լրիվ աղավաղվել է՝ մանիպուլյացիաների վարպետ Հայկ Դեմոյանի կողմից կոնտեքստից դուրս դիտարկելու պարագայում»,- Հայկ Դեմոյանի շարադրած մեդրանքները հերթականությամբ մեջբերեց, ապա դրանց մանրամասն պատասխանեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ ինքը վերջին տարիներին թուրքական կողմի հետ տարբեր ձևաչափերի հաշտեցման նախաձեռնությունների ու դրամաշնորհերի մեջ է ներգրավված եղել, և, որ իր գործելաոճն այստեղից ակնկալած միջոցները ստանալու համար անհրաժեշտ լեզվական ու վարքագծային «հղկման» գործընթացներով անցնելու հետևանքն է», Մարությանը տեղեկացրեց, որ 2012 թ. մեկ տարով ղեկավարել է հայ-թուրքական երկխոսության ծրագիր, որի հիմնական դրսևորումը եղել է Թուրքիայի 10 ուսանողների Հայաստան այցելության նախապատրաստումը, դաշտային-բանահավաքչական աշխատանքների իրականացումը հայաստանցի 10 ուսանողների հետ Արագածոտնի և Շիրակի մարզերում, հարցազրույցները ցեղասպանությունը վերապրողների ժառանգների հետ և «Մուշ, քաղցր Մուշ» վերտառությամբ էսսեների ժողովածուի հրատարակությունը հայերեն և անգլերեն (հասանելի է համացանցում)։

«Ինչպես թուրք երիտասարդներն էին պատմում, նրանց միշտ ներարկել են, որ ցեղասպանության հիշողությունը Հայաստանի ժողովրդի մեջ չկա, պահանջատիրությունը լոկ պետության կողմից ծրագրված քաղաքականություն է, իսկ շփվելով հայ մարդկանց հետ, նրանք տեսան ճիշտ հակառակը. Հայոց ցեղասպանության հիշողությունը կենդանի է, վառ է, այն հզոր գործոն է։

Սրա մասին նաև գրված է իմ գիտական ինքնակենսագրության մեջ, որը ևս հասանելի է համացանցում։ Ես գտնում եմ, որ այդ կերպ իմ համեստ լուման եմ ներդրել շատ կարևոր գործի մեջ։

Երեք անգամ Ստամբուլում մասնակցել եմ գիտաժողովների, ուր հանդես եմ եկել հետևյալ վերնագրերով զեկուցումներով.

(1) 2013 թ.՝ «Պատմական հիշողության դերը հայոց նորագույն ինքնության մեջ» («Փոքրամասնութիւններու նոր իրականութիւնը. Թուրքիոյ մէջ հայ հաւաքականութեան հեռանկարները» գիտաժողով, կազմակերպիչ՝ «Ժամանակ» օրաթերթ),

(2) 2016 թ.՝ «1990 թ. ապրիլքսանչորսյան երթը և ցեղասպանության զոհի կաղապարի հաղթահարման դրսևորումները» («Հայկական ինքնութեան քննական մոտեցումներ 21-րդ դարուն՝ խոցելիութիւն, առաձգականութիւն եւ փոխակերպութիւն»։ Կազմակերպիչներ՝ Հրանդ Տինք հիմնարկ, Համազգային հայ կրթական եւ մշակութային ընկերակցութիւն, Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան հայկական համայնքների բաժին),

(3) 2019 թ.՝ «Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հետհարյուրամյակային ժամանակաշրջանում» («Հուշային տարածքներ, հուշային արահետներ դեպի այլ ապագա» միջազգային գիտաժողով)։ Թիվ 2 և 3 զեկուցումները ևս հասանելի են համացանցում»,- եզրափակեց խոսքը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս