Խոստացած հայտարարությունը չուշացավ՝ ՊԵԿ-ն ձեռնպահ կմնա բանկային, ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման նախագծերի քննարկման հետագա ընթացքից
Այսօր կառավարության նիստի ավարտից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված քննադատությանը՝ հանրային քննարկման դրված «ՀՀ բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին, ասել էր. «Մարուքյանի ասածի մեջ ճշմարտություն կա, բայց մի փոքր չափազանցված է: Կարծում եմ, որ Հայաստանը Գլոբալ ֆորումի շրջանակներում ստանձնած պարտականությունների առումով դեռևս անելիքներ ունի՝ բանկային գաղտնիքի բացելու հետ կապված: Այն, ինչ-որ հայտարարել ենք տարընկալումների տեղիք է տվել քաղաքացիների, կարծում եմ նաև պարոն Մարուքյանի մոտ, հետևեք լրատվությանը, նոր հայտարարություն ենք տարածելու»:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում մասնավորապես գրել էր. «Այս նախագծի ընդունման հետևանքը լինելու է այն, որ բոլորն իրենց ֆինանսական միջոցները հանելու են բանկերից, խուսափելու են Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց»։
Իսկ Պետական եկամուտների կոմիտեի նապագահի ասուլսից որոշ ժամանակ անց տարածվեց խոստացած հայտարարությունը:
Պետական եկամուտների կոմիտեն, իր հսկողական գործառույթների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բանկային և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման ու տրամադրման, ինչպես նաև համալիր հարկային ստուգումների արդյունավետ և ամբողջական իրականացման նկատառումներից ելնելով, նախաձեռնել և հանրային քննարկման է ներկայացրել ««ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին», ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին»» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։
Խնդիրն այն է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հանդիսանալով օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման համար պատասխանատու կառույց, արհեստական խոչընդոտների պատճառով երբեմն զրկված է լինում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորությունից։
Հաշվի առնելով ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային արձագանքը, և նկատի ունենալով, որ խնդրի կարգավորմանը հնարավոր է հասնել նշված տեղեկությունների ստացման համար դատավարական այլ ընթացակարգեր սահմանելու միջոցով` ՊԵԿ-ն այս փուլում ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից։