Բաժիններ՝

Պարետի փոխարեն՝ հարցերին պատասխանում է Լիլիթ Մակունցը

Երեկվանից ամբողջ մամուլը ողողված է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում տեղի ունեցած իրադարձությունների մասին լուրերով, բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ ֆաբրիկայի աշխատակիցները, լսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում արված հայտարարությունն այն մասին, որ ապրիլի 20-ից տեքստիլի արտադրությունը կսկսի աշխատել, ապրիլի 21-ին գնացել են աշխատանքի ու տուգանվել 100-հազարական դրամներով:

Երեկվանից 168.am-ը փորձում է պարետատնից ճշտել՝ ինչով է պայմանավորված այդ բազմաթիվ հրապարակումների վերաբերյալ պարետատան լռությունը, ինչու պարետը չի  ընդունել տեքստիլի արտադրության  սահմանափակումները հանելու մասին որոշումը, ինչի մասին և՛ ֆեյսբուքյան ուղիղ եթերում,  և՛ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետը:

Պարետատնից փորձում էինք ճշտել նաև՝ արդյո՞ք դիտարկվում է վարչապետի խոսքին հետևած և տուգանված քաղաքացիներին արդեն կազմված վարչական արձանագրություններից ազատելու կամ դրանք չեղարկելու հարցը:

Պարետատնից այս հարցերին պատասխան այդպես էլ չտրվեց, փոխարենը՝  դրանց մի մասի պատասխանն այսօր տվեց Ազգային ժողովի «Իմ քայլը»  խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա ԱԺ ամբիոնից հանրությանը տեղեկացրեց, թե ինչու ապրիլի 20-ից տեքստիլի արտադրության համար պարետի նախկինում ընդունված որոշմամբ սահմանափակումները, գոնե մասամբ, չհանվեցին:

Ըստ Մակունցի՝  պարետատունը հայտարարել էր, որ ամսի 20-ից կսկսեն գործարկվել տեքստիլի արտադրությունները, եթե վարակի տարածման ինտենսիվության ցուցանիշը նվազ լինի 1-ից, սակայն այս պահին այդ ցուցանիշը 1-ից բարձր է:

«Միևնույն ժամանակ նշեմ, որ տեքստիլի արտադրությամբ զբաղվողները հանդիպում են ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում և առաջարկել են, որ առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն ընկերությունները, որոնք նախապես կդիմեն Էկոնոմիկայի նախարարությանը, որովհետև կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում  առաջարկվող պայմաններով աշխատել: Ձեռք է բերվել պայմանավորվածություն,- ասաց  Մակունցը, ապա, առաջ ընկնելով պարետատնից, որոշման որոշ մանրամասների մասին հայտարարեց,- Այսօր պարետի որոշումը կայացվելու է, որ այն արտադրողները, որոնք համաձայն են առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատելու, դիմում են  նախարարություն, ապա ծավալում իրենց գործունեությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս