Արդարադատության նախարարության համար անբացատրելի է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի  տարածած հայտարարությունը

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» հաղորդակցության պատասխանատուն տարածել է մի քանի կազմակերպությունների ու անհատ փաստաբանների ստորագրությամբ հայտարարություն, ինչպես իրենք են ձևակերպել, «ՀՀ դատական իշխանությունում և դատաիրավական մարմիններում արդյունավետ վեթինգի ձախողման մարտահրավերի վերաբերյալ»։ Հայտարարության մեջ ձևակերպված է երեք հիմնական պահանջ.

1. Ըմբռնել, որ ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության վերականգնման գործողություններում հաջողության հասնելու անհրաժեշտ պայման է ամբողջական և խորքային վեթինգի իրականացումը դատաիրավական համակարգի բոլոր մարմիններում՝ անկախ համակարգային հետադիմական դիմադրությունից:

2. Վերանայել արդարադատության բարեփոխման իր թերի, ծայրահեղ անհամաչափ և անարդյունավետ մոտեցումները, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ անհապաղ նորոգել դատաիրավական համակարգում նոր Հայաստանի կարիքներին և պահանջին համահունչ վեթինգի օրենսդրությունը, այնուհետ անցնել վեթինգի իրականացմանը:

3. Իրականացնել առաջնահերթ վեթինգ Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ, քանի որ այս մարմինն է լինելու բարեվարքության ստուգման վերջնական ատյանը դատավորների համար»։

Այս պահանջների վերաբերյալ 168.amը փորձեց մեկնաբանություն ստանալ Արդարադատության  նախարար Ռուստամ Բադասյանից:

Մեզ հետ զրույցում նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը պարզաբանեց, որ նախարարությունն արդեն վեթինգի թեմային անդրադարձել է, մտահոգող բոլոր հարցերի պատասխանը տվել է, որոնց կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ, ապա փոխանցեց հայտարարության վերաբերյալ Արդարադատության նախարարության տարածած մեկնաբանությունը:

«Անբացատրելի է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների անունից տարածված հայտարարությունը։ Այն, ինչ անում ենք, նախատեսված է եղել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ, որն արժանացել է թե՛ միջազգային հանրության, թե՛ քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ հայտարարությունում նշված ՀԿ-ների դրական արձագանքին։ Ավելին, Դատական օրենսգրքի կարգավորումները ևս երկար ժամանակ հանրային քննարկում են անցել, և նման դիրքորոշում չենք ստացել, հետևաբար այս փուլում նման հայտարարությամբ հանդես գալը, չենք կարող բացատրել, թե ինչով է պայմանավորված։

Հ․Գ․ 2. Բազմիցս նշել ենք, որ որոշ առաջարկվող կարգավորումներ հնարավոր են բացառապես սահմանադրական բարեփոխումների արդյունքում»,- նշված է Արդարադատության նախարարության՝ մեզ փոխանցված պատասխանում:

Տեսանյութեր

Լրահոս