«Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարո՞ղ է համարվել Սերժ Սարգսյանի «մնացորդ», թե՞ ոչ». Էդմոն Մարուքյանը՝ վարչապետին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ՝ Կառավարության սոցիալ-տնտեսական թիմն այս պահին թեստ է անցնում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների համար, և այդ թեստը շատ վատ է անցնում:
«Երբ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետին ասում էի՝ այդ մարդկանցից ազատվիր, նաև այսօրվա համար էր: Այս իրավիճակում անհնար է ադեկվատ լուծումների գալ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Է. Մարուքյանը՝ անդրադառնալով Կառավարության անդամների աշխատանքներին՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ռիսկերը մեղմելու խնդրին:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ժամանակ նախապատրաստական աշխատանքների հրապարակմանը, որը, երկու օր է, քննարկվում է, Էդմոն Մարուքյանն ասաց, որ այդ կադրերի հրապարակումը «խայտառակ բաների բերեց», ուստի դատապարտում են մարդուն ծաղրելը:
«Այդ կադրերի արտահոսքը մեզ բերում է այն նախկին համոզմանը, որ Կառավարությունը չունի այնքան կարողություններ, որպեսզի զգայուն տեղեկատվությունը պահպանի: Երբ մենք դեմ էինք արտահայտվում հեռախոսով մարդկանց տեղորոշման վերաբերյալ օրենքին, նշելով, որ նրանք այդ կարողությունը չունեն, հիմա պարետատան այդ տեղեկատվությունը, որը վերաբերում է հազարավոր քաղաքացիների տեղաշարժին, ի՞նչ իմանանք՝ ո՞ւմ ձեռքին է հայտնվում: Լրատվամիջոցները գրում են, որ վարչապետը պարետատնից Ժորիկին դուրս է արել, հիմա կարո՞ղ է՝ այդ տեղեկատվությունը Ժորիկն ունի, հիմա կարո՞ղ է՝ Ժորիկը տվյալները վերցրել ու տվել է Հովիկ Աբրահամյանին, քանի որ ասում են՝ նրա օգնականն է եղել, այս հարցերի մասին ենք մենք բարձրաձայնել: Հիմա ի՞նչ անենք, ուղիղ եթերի ժամանակ բոլորս էլ մեզ կարգի ենք բերում, մեկը մազերն է կարգի բերում, մյուսը՝ այլ բան, խնդիրն այն է, որ չկա այն կոմպետենտ թիմը, որպեսզի այդ ամենը չհրապարակվի, բա եթե այդ թիմը չկա, մեր տվյալներն էլ ո՞ւր եք վերցրել»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նաև խոսեց վարչապետի երեկվա ուղիղ եթերից, որի ընթացքում ասել էր, որ «վնգստացող» դատավորների հերթն էլ է գալու, և պետական համակարգում Սերժի «մնացորդներից» պետք է ազատվեն՝ նշելով, այդ ուղիղ եթերից հետո ինքն էլ է համացանցում կիսվել ելույթով՝ նշելով, որ դեռ մեկ տարի առաջ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել էր, որ պետք է ազատվել Սերժ Սարգսյանի երրորդ էշելոնի կադրերից:
«Երբ վարչապետը նման հայտարարություններ է անում, որոնք շատ են եղել և այլևս դառնում են անհետևանքային հայտարարություններ: Հիմա էլ Սերժ Սարգսյանի կադրերից է խոսում, օրինակ՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարո՞ղ է համարվել Սերժ Սարգսյանի «մնացորդ», թե՞ ոչ: Կարող եմ թվարկել բոլոր նրանց, որոնք այդ ժամանակ աշխատել են, կամ Բնապահպանության նախարարը, այդ երկուսին ԼՀԿ-ն անվստահություն է հայտնել:
Ի վերջո, հարց ունեմ նաև այդ մարդկանց, նրանք չե՞ն վիրավորվում, որ իրենց մասին նման հայտարարություն են անում: Այդ ի՞նչ մթնոլորտ է, հնարավո՞ր է այդ մթնոլորտում արդյունավետ աշխատանք տանել, գուցե վիրավորվել է, և այնպիսի փաթեթներ են ներկայացնում, որով այս կառավարությանը ձախողման են տանում: Ո՞ւմ վրա են մուննաթ գալիս, այդ կադրերն իրենց մոտ են, թող ազատվեն»,- հավելեց նա: