Հայաստանում արշավ է սկսվել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ. «Ինտերֆաքս»
Հայաստանում արշավ է սկսվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կորոնավիրուսի համավարակի պայմաններում, կալանքից ազատ արձակելու կոչով հանդես գալուց հետո: Այս մասին գրում է Интерфакс գործակալությունը՝ անդրադառնալով կաթողիկոսի հայտարարությունից հետո հնչող արձագանքներին:
«Անսալով Ռոբերտ Քոչարյանի առողջության մասին բժիշկների կարծիքին՝ կարևոր ենք համարում, որ արդարադատության իրականացմանը զուգահեռ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցները, այդ թվում և խափանման միջոցի փոփոխումը՝ կանխելու կորոնավիրուսի պայմաններում նրա առողջական վիճակի հետագա վատթարացումը»,- գործակալությունը մեջբերում է կաթողիկոսի խոսքը:
Աղբյուրը նշում է, որ Ամենայն հայոց հայրապետի հայտարարության մեկնաբանությամբ հանդես են եկել մի շարք պաշտոնյաներ:
«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանությամբ հանդես է եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո քարտուղար Մանե Գևորգյանը. «Նախ և առաջ հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական ծառայության ղեկավար երեց Վահրամ Մելիքյանը մինչ օրս եղել է Սամվել Մայրապետյանի (Հայկական երկրորդ հեռուստաալիքի սեփականատեր) անձնական երաշխավորը, որը Ռոբերտ Քոչարյանի հետ միասին մեղադրվում է 2008թ. մարտի 1-ի գործով: Մայրապետյանը 2019թ. հունվարին բուժման պատրվակով հեռացել է երկրից և չնայած քննչական մարմնի պահանջներին և Վահրամ Մելիքյանի երաշխիքներին՝ չի վերադարձել Հայաստան: Հայաստանի կառավարությունը որևէ կերպ չի մեկնաբանում Նորին Սրբության ցանկություններն ու հույսերը: Միևնույն ժամանակ, ակնկալում ենք, որ Սբ. Էջմիածինը կվերանայի Մայրապետյանին երաշխավորելու պատմությունը և դրա արդյունքում ստեղծված իրավիճակը»:
Միևնույն ժամանակ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ասելով, որ «Հայաստանի հազարավոր քաղաքացիներ արդեն երկար ժամանակ է, ինչ կարևոր են համարում Ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը»:
«Կարծում եմ, որ քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, որը տասնամյակներ շարունակ լռել է, այսօր՝ արդեն նոր իրավիճակի պայմաններում կարող է դատարանում ազատ հանդես գալ որպես երաշխավոր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման համար, և գումար էլ դրա համար, կարծում եմ կգտնվի»,- գրել է Ալեն Սիմոնյանը:
Միևնույն ժամանակ Հայաստանի կառավարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ կաթողիկոսին չի հետաքրքրում մյուս կալանավորների առողջական վիճակը, բացի Ռոբերտ Քոչարյանից:
«Կցանկանայի ասել, ավելի լավ է մոմ վաճառիր, հոգ տար եկեղեցու բիզնեսների մասին և մի խառնվիր պետության գործերին: Գուցե մի օր մեզ արժանի կաթողիկոս լինի»,- գործակալության փոխանցմամբ՝ գրել է Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում:
Աղբյուրը նշում է, որ իշխանությունների հայտարարությունները քննադատության են արժանացել Սուրբ Էջմիացնի կողմից: Սբ. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը հայտարարել է. «Համավարակն արդեն հոգևոր բնույթ է ձեռք բերում պետական պաշտոնյաների շրջանում»:
«Կաթողիկոսի հասցեին անպատասխանատու հայտարարությունները պետական պաշտոնյաների կողմից ձեռք են բերում մառազմատիկ բնույթ: Դա նշանակում է, որ ՀՀ-ում որևէ մեկը խոսքի ազատություն ու տեսակետ արտահայտելու իրավունք չունի: Չեմ խոսում անգամ այն մասին, որ խոսքը Կաթողիկոսի մասին է, և նրա խոսքերի իմաստը հասկանալու փոխարեն մենք դարձանք անբովանդան, ոչ պատշաճ և անհավասարակշիռ արտահայտությունների ականատեսը»,- գրել է Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը ֆեյսբուքյան էջում:
Բացի այդ, Սբ. Էջմիածնի թանգարանների և արխիվի, ձեռագրերի պահոցի տնօրեն հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի խոսքերը վայել չեն պետական բարձրաստիճան պաշտոնյային:
«Մեզ համար մեծ ցավ է, որ պետական պաշտոնյան իրեն նման պահվածք կարող է թույլ տալ: Թույլ մի տվեք, որ հաստատվի այն կարծիքը, որ Հայոց Եկեղեցու դեմ անցյալում կատարված հայտնի ոտնձգությունների հեղինակներն ու հրահրողները նաև այլ հասցե ունեն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ասողիկ աբեղա Կարապետյանը: