«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը սոցիալական արդարությունը վերականգնելու հիմնական ճանապարհն է»». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վստահ է, որ այսօր խորհրդարանը միաձայն ընդունելու է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, որն այսօր քննարկվում է ԱԺ-ում:
«Սա շատ կարևոր նախագիծ է, որ սոցիալական արդարությունը վերականգնելու հիմնական ճանապարհն է, նաև հանրային սոցիալական համերաշխությունը վերականգնելու ճանապարհը, հանցավոր և կոռուպցիոն ճանապարհով կուտակված հարստությունը վերադարձնելու պետությանն ու հանրությանը: Սա մեր հեղափոխության հիմնարար խոստումներից էր, նաև հեղափոխությունից հետո հանրության ակնկալիքներից մեկի՝ թալանածը վերադարձելու իրավական անխոցելի մեխանիզմն է:
Սա ոչ միայն մեր նախաձեռնությունն է, այլ մեր պետության պարտավորությունն է եղել 2015 թվականից ի վեր, երբ Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցներ պարբերաբար հորդորում էին սա իրականացնել: Բայց հասկանալի է, որ սա նախկինները չէին իրականացնելու, և պատահական չէ, որ նախկինները դեռևս այս նախագծի սաղմնային փուլում քննադատությունների տարափ էին սկսել՝ շատ լավ հասկանալով, որ այս նախագծով նախատեսված մեխանիզմներով, քաղաքացիաիրավական ընթացակարգերով շատ ավելի արդյունավետ հնարավորություններ է ստեղծվելու գործընթացն իրականացնելու»,- նշեց պատգամավորը:
Նրա կարծիքով՝ նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ հետընթաց են ունեցել, երբ ապօրինի գույքի և միջոցների առկա գնահատման շեմը 50 միլիոնից իջեցրել են 25 միլիոնի, ինչը շատերին հնարավորություն է տալու սպրդել օրենքի ազդեցության գոտուց:
«Կարծում եմ՝ սա հետագայում իրավակիրառական պրակտիկայում ցույց է տալու որոշակի խնդիրներ, ըստ իս, այս որոշումը հետագայում գուցե պետք է վերանայենք: Կրկնում եմ՝ սա այն հիմնարար խոստումներից մեկն է, որն այսօր մենք իրականացնում ենք»,- եզրափակեց պատգամավորը: