«Կառավարության 4-րդ միջոցառման մեջ «աճպարարություն» կա. կազմակերպություններին վարկ է տալիս հարկերը վճարելու համար». Արթուր Խաչատրյան

168.am-ի հարցազրույցը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ:

Կենտրոնական բանկն արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել, ինչի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով. «Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ: Մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը, մարդիկ վստահում են դրամին»։ Սա սովորական երևույթ չէ՞:

– ԿԲ-ն ստեղծման առաջին օրվանից արտարժութային շուկայում արտարժույթ վաճառել և գնել է, դրանով ի թիվս այլ գործիքների` ԿԲ-ն կարգավորում է փողի առաջարկը, ինչպես նաև` դրամի փոխարժեքը: Դա սովորական ռուտին գործողություն է, և բացարձակապես կապ չունի ֆինանսական շուկայի մասնակիցների վստահության հետ: Կենտրոնական բանկը հավանաբար դոլար է գնել, որպեսզի դրամի փոխարժեքը կարողանա կարգավորել կամ ապահովել սղաճի թիրախային մակարդակը: Դեռ մոտ մեկ շաբաթ առաջ դոլարը հասավ համարյա 500 դրամի, հետո սկսեց իջնել, հիմա էլ ենթադրում եմ, որ փորձում են դոլարի արժևորումը մի քիչ մեղմել, և դրանով արտահանողներին ինչ-որ չափով աջակցել, որովհետև դրամը որ «ծանրանա», արտահանողներն էական խնդիրների առաջ են կանգնելու: Արտարժույթ գնել կամ վաճառելը, պարտատոմսերով գործարքներ կատարելը դրամավարկային քաղաքականության ստանդարտ գործիքներ են: Կրկնում եմ` սա որևէ կապ չունի կառավարության նկատմամբ ֆինանսական շուկայի մասնակիցների վստահության հետ:

Իշխանությունները հպարտությամբ նշում են նաև, որ ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320.000 ֆիզիկական անձանց՝ 12 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 290.000 անձ, 9.3 միլիարդ դրամ): Ավելին, վարկային արձակուրդ է տրվել նաև 6600 իրավաբանական անձի՝ 28 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 5300 իրավաբանական անձ՝ 15 միլիարդ դրամի չափով): Սա որևէ լուրջ խնդիր լուծո՞ւմ է, թե՞ նույնիսկ  ռիսկեր է պարունակում: Երբեմն-երբեմն խոսակցություններ են լինում նաև հարկային արձակուրդների անհրաժեշտության մասին, բայց շոշափելի փաստ այս առումով դեռ չկա:

– Ցանկալի կլիներ, որ տարբեր բանկեր նույն քաղաքականությունը որդեգրեին: Բայց «արձակուրդը», որ բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները տալիս են իրենց վարկառուներին, կարծում եմ, որ դրական քայլ է, որովհետև գտնվելով պարտադիր պարապուրդի մեջ՝ թե ձեռնարկությունները, և թե ֆիզիկական անձինք կանխիկի խնդիր ունեն: Բանկերը, երբ այդ «արձակուրդը» տալիս են, նրանք փաստորեն կանխիկը թողնում են մարդկանց և ձեռնարկությունների մոտ, ինչը բավական դրական քայլ է: Ինչ վերաբերում է հարկային արձակուրդին, ապա կառավարության կողմից դա դեռ չի տրվել:

Շատ երկրներ այդ մոտեցումն իրականացրել են և հարկային արձակուրդներ են տվել: Ցավոք սրտի, մեր կառավարությունը հարկային արձակուրդի չգնաց: Դա հավանաբար այն բանի արտացոլումն է, որ կառավարության ֆինանսական միջոցները խիստ սահմանափակ են` չնայած հավաստիացումներին, որ կառավարությունը փողի խնդիր չունի: Բայց կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ տային հարկային արձակուրդ:

Փոխարենը՝ տեսեք, թե ինչ հետաքրքիր բան արեցին, սա կարելի է նույնիսկ աճպարարություն կոչել. 4-րդ միջոցառման մեջ մի կետ կար, որ կառավարությունը կազմակերպություններին վարկ է տալիս հարկերը վճարելու համար: Եթե պիտի վարկ տաք, որ հարկերը վճարեն, միանգամից հարկային արձակուրդ տվեք: Քեզ վարկ են տալիս, որ անմիջապես հետո վերադարձնես, ի՞նչ իմաստ ունի այդքան փողը բանկային համակարգի միջոցով անցկացնել: Մեզ մոտ շատ ձեռնարկությունների մոտ ծանր վիճակ է, և կարող են շատերը սնանկացման վտանգի առաջ կանգնել, ինչին, որպես կանոն, նախորդում է կանխիկի բացակայությունը՝ լիկվիդայնության պակասը, ուստի քայլեր պետք է ձեռնարկվեն, որ լիկվիդայնության խնդիր չառաջանա թե մարդկանց, և թե ձեռնարկությունների մոտ:

– 0% տոկոսադրույքով վարկեր են տալիս գյուղատնտեսությանը: Մասնավորապես, առաջին փաթեթը միկրովարկեր են, այսինքն՝ մինչև 1 միլիոն դրամ վարկերը մարդիկ կարող են վերցնել 0 տոկոս տոկոսադրույքով: Տրվում են նաև արտոնյալ ժամկետներ մայր գումարի վճարները կատարելու համար:

– Փոքր տնային տնտեսություններին, ֆերմերներին միկրովարկերի տրամադրմանը ես կողմ եմ, և իմ նախարար եղած ժամանակ մենք առաջարկներ ենք ներկայացրել կառավարությանը, որ փոքր վարկերը շարունակեն օգտագործել: Նախորդ կառավարության քաղաքականության առանցքը խոշոր վարկավորումն էր` կարկտապաշտպան ցանցեր, ոռոգման համակարգեր և այլն: Դրանք լավ բաներ են, բայց շատ թանկ պրոդուկտներ, որոնք շատ գյուղացիների համար հասանելի չեն: Զարմանալի չէ, որ ինտենսիվ այգի հիմնողների բացարձակ մեծամասնությունը ագրոբիզնեսով զբաղվող սուբյեկտներ են, այլ ոչ թե՝ գյուղացիական տնտեսություններ: Հիմա, որ կառավարությունը վերջապես հասկացավ, որ դա կարևոր պրոդուկտ է, և վերադարձրեց, գովելի խնդիր է, բայց մյուս կողմից՝ այն շատ քիչ է գյուղացիներին և գյուղատնտեսությանն աջակցելու համար:

Մենք կարող ենք կանգնել պարենային անվտանգության լուրջ խնդիրների առաջ, ուստի, բացի 0 տոկոսադրույքով վարկեր տալուց, կառավարությունը պետք է գյուղացիներին վստահեցնի, որ արտադրած բնամթերքը սպառման խնդիր չի ունենա` գոնե որոշակի տեսակներ: Այսինքն` կառավարությունը պետք է երաշխավորած գնում կազմակերպի, սա շատ ավելի արդյունավետ կլիներ, քան պարզ վարկերը:

Գյուղատնտեսության հետ կապված մի ուրիշ խնդիր էլ կա. համավարակի դեմ պայքարը և գյուղատնտեսության զարգացումը տարբեր խնդիրներ են, տարբեր մոտեցումներ են պահանջում, տարբեր ժամանակային հորիզոններում լուծվող խնդիրներ են: Համավարակի դեմ պայքարի քողի տակ չի կարելի փորձել զարգացման ծրագրեր իրականացնել, դա արդյունավետ չի լինի:

Ես նշեցի «խելացի» կամ ժամանակակից անասնագոմերի, կարկտապաշտպան ցանցերի, ոռոգման համակարգերի մասին, այս ծրագրերը 2018-2019 թվականներին էապես թերակատարվել են, և պետք է վերլուծվեն` թերակատարվել են, որովհետև վարկային ռեսուրսնե՞րն են թանկ եղել, թե՞ ծրագրի այլ պայմաններն են ոչ բարենպաստ եղել: Քանի դեռ նման վերլուծություն չկա, միայն վարկերի տոկոսադրույք իջեցնելով՝ չես կարող նպաստել ծրագրերի իրականացմանը: Կրկնում եմ` դա համավարակի պայմաններում գյուղատնտեսությանն աջակցության հարց չի լուծում. այսօր այգին տնկեց, մի քանի տարի հետո նոր բերք կտա, սա համավարակի հետ որևէ կապ չունի:

Համավարակի հետ կապված կարևոր այլ խնդիրներ կան. մարդիկ չգիտեն, թե իրենց բերքը կկարողանա՞ն վաճառել: Կա խնդիր՝ նաև արտահանումների հետ կապված, երբ բնամթերքի` պտուղ-բանջարեղենի զգալի մասը դուրս է գնում, կա շուկայի ապահովման խնդիր, մյուս կողմից` մարդիկ պիտի կարողանան ներսում իրենց ապրանքը վաճառել՝ հացահատիկ, կարտոֆիլ: Պետությունը պիտի երաշխավորի, որ, օրինակ, կարտոֆիլը չի մնա, չի փչանա:

– Այսինքն` համաճարակային ներկա իրավիճակի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում լուրջ կորուստներ ենք ունենալու:

– Եթե քայլեր չձեռնարկեն, ապա բոլոր ոլորտներում էլ լուրջ կորուստներ կունենանք: Գյուղատնտեսության պարագայում շատ քիչ է, որ ասես` խնդրում եմ, հողը մշակեք: Մարդը պիտի իմանա, որ հողը մշակեց, մթերքի իրացման հետ կապված խնդիր չի ունենալու, գոնե՝ առաջին անհրաժեշտության մթերքների հետ կապված: Գուցե ռուկոլլա արտադրողը տուժի, բաց ցորեն, գարի, ոլոռ, հնդկաձավար արտադրողները չպետք է տուժեն: Հիմա գրեթե բոլոր երկրներում գնում է պրոտեկցիոնիստական քաղաքականություն, և մարդիկ արգելում են իրենց երկրից բնամթերքի դուրսբերումը: Հիմա որպեսզի մեր գյուղացին հողը չթողնի անմշակ, պետք է վստահ լինի, որ գոնե պետությունը կգնի այդ արտադրանքը, եթե հանկարծ մասնավոր սեկտորը չգնի: Բացի այս, պետպատվերի շրջանակում պետք է տրամադրվի պարարտանյութ, սերմացու:

Վերադառնալով բանկային ոլորտ. տեսակետներ են հնչում, որ բանկերին և ֆինանսական հաստատություններին ևս պիտի արտոնություններ տրվեն: Սա ի՞նչ ձևով պիտի լինի, եթե, իհարկե, տեսնում եք նման անհրաժեշտություն:

– Համավարակից ոչ բոլոր ձեռնարկություններն են տուժում: Վերցնենք ԱՊՊԱ ապահովագրությունը: Փողոցում՝ քիչ մեքենաներ, քիչ վթարներ, քիչ փոխհատուցում, շատ շահույթ: Ըստ այդմ` նրանց աջակցության մասին խոսելն անիմաստ է: Բանկային համակարգը միգուցե այս ակտիվության նվազումից, վարկային արձակուրդներից խնդիրներ ունենա, բայց չեմ կարծում, որ իրենք ամենախոցելի բիզնեսներն են: Բայց պետության ռեսուրսները սահմանափակ են, ուստի նա իր սահմանափակ ռեսուրսները պետք է ուղղի ամենախոցելի և կարևոր ոլորտներին` կենսաապահովման ձեռնարկություններ, նաև` փոքր և միջին ձեռնարկություններ, որովհետև մեծերն ավելի շատ ռեսուրս ունեն գոյատևելու համար, փոքրերը 1-2 ամիս կարող է չկարողանան գոյատևել:

– Տնտեսական որոշ օբյեկտների թույլատրեցին աշխատել, թեպետ մեկ ամսով երկարաձգվեց արտակարգ դրությունը: Կա՞ մի ոլորտ, որից պիտի հանվեր սահմանափակումը, բայց չարվեց:

Պարետի 24 մարտի, 2020 N 14 որոշմամբ (կցված է) մնացած նշված ոլորտների աշխատանքը թույլատրված էր, այսինքն` վերջին որոշմամբ ավելացվեցին միայն բացօթյա շինարարությունն ու ծխախոտի արտադրությունը: Մեծ բան չի եղել, կրկնեցին նախորդ գործողների մասով, հետո մի երկու ոլորտ ավելացրեցին: Իսկ ապրիլի 20-ից նաև տեքստիլի մասին են մտածում, շատ ռիսկային բան են անում:

Եթե թույլ կտաք՝ մի քանի բառով անդրադառնամ «համավարակի կառավարմանը»: Նախ` «կարանտին» շատ ուշ հայտարարվեց: Մենք` ՀՅԴ-ն, դեռ մարտի 23-ից միջոցառումների մի ամբողջական փաթեթ էինք ներկայացրել, որոնք պետք է միաժամանակ կիրառվեին: Դրանք, իհարկե, ոչ պոպուլյար քայլեր էին, և պոպուլիստ կառավարությունը չգնաց դրանց, կամ փորձում էր դրանցից խուսափել, սակայն հետո ստիպված քիչ-քիչ դրանք գրեթե ամբողջովին կիրառեց, մինչդեռ դրանք պետք է ամբողջովին և միաժամանակ իրականացվեին, պետք է կանգնեցվեր ոչ կենսական նշանակություն ունեցող ձեռնարկությունների գործունեությունը, կանգնեցնել տրանսպորտը, խիստ սահմանափակել մարդկանց տեղաշարժը: Դա ուշ հասկացան: Մի այլ հանգամանք էլ կա: Արտակարգ դրություն հայտարարեցին, բայց ինքնամեկուսացման ռեժիմը չկարողացան ճշգրտորեն ապահովել, ինչի արդյունքում վարակի տարածումն ամբողջովին սահմանափակել չհաջողվեց, բայց ձեռնարկությունները չաշխատեցին: Ունեցանք կրկնակի ճգնաժամ:

Պետք էր գնալ խիստ կարանտինի, մինչդեռ այն ձևական բնույթ կրեց, հիմա էլ կրում է: Այն ձեռնարկություններին, որոնց աշխատելու իրավունք է տրված, պիտի խստորեն ապահովեն սանիտարահիգիենիկ պայմանները, երկրորդ` պարտադրվեն, որ աշխատողներին տներից բերելու են հիմնարկներ, հիմնարկից` տուն, որ շփումը լինի խիստ սահմանափակ: Հիմա` վիճելի է, թե ինչի են տեքստիլին թույլատրում, բայց այլ ձեռնարկություններին` ոչ:

Օրինակ, եթե կա ձեռնարկություն, որը կիսահաղորդիչներ է հավաքում, ինչի՞ իրեն չեն թողնում աշխատել, իսկ տեքստիլին թողնում են:

Տեսանյութեր

Լրահոս