«Վարսահարդարին օգնություն ա հասնում, վարորդին օգնություն չի՞ հասնում». երթուղայինի վարորդների բողոքի ակցիա
Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի «ՄՈՒԱՏ» ՍՊԸ-ի վարորդները, որոնք արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ մոտ մեկ ամիս է՝ հարկադիր պարապուրդի մեջ են, այսօր բողոքի ակցիա էին իրականացնում: Ակցիա իրականացնող վարորդները պնդում են, որ 200-ից ավելի վարորդներ, որոնք պարապուրդի մեջ են, այս ընթացքում աշխատավարձ չեն ստացել, իսկ կառավարության առաջարկած սոցիալական աջակցության ծրագրերից որևէ մեկն իրենց չի վերաբերում: Նրանք առաջարկում են իրենց ներառել կառավարության մշակած ծրագրերից որևէ մեկի մեջ, կամ առանձին ծրագիր նախատեսել հենց վարորդների համար:
«Պետք է կառավարությունը հատկացնի, որ տնօրինությունն էլ վարորդին հատկացնի: Եթե կառավարությունը չի հատկացնում, տնօրինությունն իրա գրպանից ո՞նց կարա 250 վարորդի ապահովի»,- տնօրինությանն աշխատավարձի պահանջ ներկայացնելու հարցին ի պատասխան՝ ասաց վարորդներից մեկը:
«Մեզանից պահանջում են, ասում են՝ մնացեք տանը: Ընդունենք, մնանք տանը բոլորս, մեկս մեկի համար: Բայց մեր համար ո՞վ ա մնում տունը, մեր համար ի՞նչ են անում: Կոնկրետ ես միակ աշխատողն եմ, 7 շունչ ա տունը, 1 տարեկան երեխա կա տունը, ես ինչո՞վ եմ պահելու էդ երեխին»,- ասաց ակցիայի մասնակից մեկ այլ վարորդ:
Վարորդների խոսքով՝ իրենք հայտնվել են անտանելի վիճակում: Իրենցից շատերն ապրում են վարձով, տան միակ աշխատողն են, ունեն վարկեր:
«Վարսահարդարին օգնություն ա հասնում, վարորդին օգնություն չի՞ հասնում»,- դժգոհեց վարորդներից մեկը:
Մեկ ուրիշ վարորդ էլ կատակեց, թե մնում է՝ վիրահատվի, երեխա ունենա, որ իրեն օգնություն հատկացնեն:
«Հիմա ծրագրի մեջ մենք չկանք, բայց հանկարծ, Աստված չանի, պատերազմ եղավ, սաղիս առաջնագիծ կտանեն, էլ չեն ասի՝ դուք ծրագրի մեջ եղե՞լ եք, թե՞ չեք եղել»,- վրդովվեցին վարորդները:
«ՄՈՒԱՏ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Բեգլարյանի խոսքով՝ դեռ փետրվարին, երբ ուղևորահոսքը սկսում էր նվազել, դիմել են Երևանի քաղաքապետարան, կառավարություն, հետո նաև՝ արտակարգ դրության պարետին:
«Մենք դիմել ենք դեռևս այն օրերին, երբ կանգնած չէր տրանսպորտը, բայց շատ վատ վիճակում էր, բայց դեռ պատասխան, որպես այդպիսին, չունենք: Անկեղծ ասած, ամեն մեկը բացառում է իր կարևորությունն էս դեպքում: Ոչ թե բացառում է, այլ՝ քաղաքապետարանն ասում ա՝ դա մեր որոշելունը չի, իսկ պարետային ծառայությունն էլ ասում է՝ ձեր կուրատորը քաղաքապետարանն է, նենց որ գնացեք, իրենց հետ հարցերը պարզեք»,- ասաց Կարեն Բեգլարյանը:
Տնօրենի խոսքով՝ վարորդներից բացի, այս պահին աշխատանք չունի նաև սպասարկող անձնակազմի 100 աշխատակից: Ընկերությունն էլ հարկերն ու վարկերը վճարել է ու սպասում է:
Վարորդներն անգամ մտածել են գնալ կառավարության շենքի դիմաց, այնտեղ ներկայացնել իրենց խնդիրը, սակայն, հասկանալով ներկա իրավիճակը, որոշել են իրենց խնդրի մասին բարձրաձայնել հենց երթուղայինի պարկում:
Ակցիայի ընթացքում Երևանի քաղաքապետարանից զանգեցին «ՄՈՒԱՏ» ՍՊԸ-ի տնօրենին ու, ինչպես հետո լրագրողներին փոխանցեց տնօրենը, հեռախոսազանգով քաղաքապետարանից հետաքրքրվել են իրավիճակի ու վարորդների պահանջի մասին: Հարցի կարգավորման առաջարկի մասին չի խոսվել: