«Հիմա, որ նա զինվորի համազգեստը պղծել է, որի համար ասում եմ՝ նրա ականջը պետք է ոլորել կամ պատժել, սրա համար ինձ պետք է պատասխանատվության ենթարկե՞ն». Գևորգ Պետրոսյան
«Ցանկացած բռնություն, անշուշտ, դատապարտելի է իրավունքի և բարոյականության տեսանկյունից, բայց բոլոր դեպքերում մենք՝ որպես օրենսդիր մարմին, պետք է շահագրգռված լինենք, որ մեր բարի ցանկությունները պսակվեն հաջողությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է պահպանել նորմատիվ իրավական ակտերը, Սահմանադրության պահանջները»,- այս մասին ԱԺ նիստում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացրած «Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ հարցին:
Ըստ նրա, նախագծի նպատակը ողջունելի է, սակայն իրավական որոշակիության տեսանկյունից մտորումների տեղիք է տալիս:
«Նախ, ի՞նչ է նշանակում՝ հրապարակային բռնության կոչ անել, բնական է, որ կոչը հրապարակային է լինում: Եթե ինքս մեկուսանամ մեր տանը և սկսեմ մարդկանց հայհոյել, ապա սա կոչ չէ: Հիմա հրապարակայինը ո՞րն է՝ 2, թե՞ 4 հոգու ներկայությամբ պետք է կոչը հնչի, որ հասկանանք՝ հրապարակային է, պարզ է, եթե նման կոչ հանրության առաջ ես անում, ուրեմն՝ հրապարակային է»,- հավելեց պատգամավորը:
Նա համաձայն չէ Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի այն պնդման հետ, թե բռնության կոչն արդարացնելը վտանգավորության տեսանկյունից նույնն է, ինչ կոչ հնչեցնելը: Պետրոսյանի խոսքով՝ այս երկուսը բարցարձակապես նույնը չեն: Բացի այս, ըստ նրա՝ իրավական որոշակիության տեսանկյունից խոցելի է նաև արդարացում կոչվածի օբյեկտիվ կողմը:
«Հարգելի փոխնախարար, մենք չենք արդարացնում բռնության կոչերը, բայց ի՞նչ օբյեկտիվ գործողություններով պետք է դրսևորվի, եթե մեկը, օրինակ, գրել է՝ այս կամ այն անձին պետք է ապտակել, ես էլ այդ գրառումը հավանել եմ, սա բավարա՞ր է, որ ինձ տանեն՝ քրեական պատասխանատվության ենթարկեն: Մեր օրենսդրությունը շարադրելիս, հիմք ընդունելով մարդու իրավունքների վերաբերյալ հանրաճանաչ իրավական ակտերի դրույթները, չպետք է մոռանանք կարևոր բան, որ մենք հայ ենք, ունենք մեր ազգային հոգեկերտվածքը, ազգային մտածողությունը: Մեկ օրինակ բերեմ, հավանաբար բոլորդ էլ կհիշեք օրեր առաջ համացանցում տարածված զինվորական համազգեստով այն երկոտանու թռվռալը. ես չգիտեմ նա հա՞յ է, թե՞ այլազգի: Հիմա որ նա զինվորի համազգեստը պղծել է, որի համար ասում եմ, որ նրա ականջը պետք է ոլորել կամ պատժել, սրա համար ինձ պետք է պատասխանատվության ենթարկե՞ն: Կրկնում եմ՝ հիմք ընդունելով միջազգային չափանիշերը, մենք երբեք չպետք է մոռանանք, որ մենք հայ ենք, ունենք ավանդական արժեքներ, ունենք պատմություն, և ամոթ է, որ մենք այդ պատմությունը չհիշենք և դասեր չքաղենք»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը: