«Հիմնականում մեկուսացվածներն են». Ալինա Նիկողոսյանը՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի մասին
Այսօր կորոնավիրուսով վարակման 16 դեպք է հաստատվել, երեկ՝ 28 (այս թվին երեկ գումարվեց նաև 12 դեպք, որոնք դուրս էին մնացել հաշվառումից, ընդհանուր՝ 40 դեպք):
168.am-ը Առողջապահության նախարարի մամուլի խոսնակից հետաքրքրվեց՝ սրանք նո՞ր դեպքեր են, թե՞ արդեն մեկուսացվածների մոտ է հաստատվում կորոնավիրուս:
«Հիմնականում մեկուսացվածներն են: Այս պահին առանձնակի օջախներ չունենք»,- ասաց Ալինա Նիկողոսյանը:
Վերջին օրերին ԱՄՆ-ից և Թուրքիայից Հայաստան են վերադարձել մեր հայրենակիցները: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք նաև՝ նրանց մեջ կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքեր կա՞ն:
«Առանձին դեպքերով ինֆորմացիա չենք վարում: Նույնը վերաբերում է նաև ինքնամեկուսացվածներին»,- ասաց Նիկողոսյանը: