Ինչո՞ւ է Էրդողանը որոշել աջակցություն տրամադրել Հայաստանին, և ինչպե՞ս պատասխանել նրան․ մեկնաբանում է Ռուբեն Մելքոնյանը

«Թուրքիային ուղղված պատասխանը պետք է լինի համարժեք՝ համապատասխան խողովակի միջոցով»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի առաջարկին՝ աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կապ է հաստատել Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ և նրա միջոցով Հայաստանին դեղորայքի հարցում օգնություն ցուցաբերելու առաջարկ արել։ Ըստ Պատրիարքության հաղորդագրության՝ անձամբ կապ հաստատելով պատրիարքի հետ՝ Էրդողանը հարցրել է վերջինիս որպիսությունը։

«Վսեմաշուք նախագահը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց երկիրը վերադառնալու համար հնարավորություն կտրվի, և Հայաստանին դեղորայք տրամադրելու պատրաստակամություն հայտնեց»,- նշված է հաղորդագրությունում։

Թուրքիայի նախագահը Հայոց պատրիարքին առողջություն է մաղթել ու նաև հետաքրքրվել հայ համայնքի կարիքներով։ Ի պատասխան՝ Հայոց պատրիարքն ասել է, որ նախագահի կողմից կապ հաստատելը «թե իր, և թե իր ժողովրդի համար մխիթարական երևույթ է»։

Նա առողջություն, խաղաղություն և բարի գործերին հաջողություն է մաղթել։

Թուրքիայի նախագահի այս քայլը մշտական թշնամական, հայատյաց հռետորաբանության ֆոնին՝ արժանի է ուշադրության։ Հայաստանյան համացանցային տիրույթում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես պետք է հայկական կողմն արձագանքի այս առաջարկին։ Կարծիքները պատասխանի անհրաժեշտության վերաբերյալ նույնն են. «Հայաստանը պետք է արձագանքի», սակայն տեսակետները տարբեր են արձագանքի համարժեքության և բովանդակության հարցում։

Ռուբեն Մելքոնյանը գտնում է, որ, թեև Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն, այնուամենայնիվ, պահպանվել են տարատեսակ դիվանագիտական միջպետական խողովակներ, որոնք անհրաժեշտության պարագայում կարող են օգտագործվել և նախկինում օգտագործվել են։

Շարունակելով՝ Մելքոնյանը վերլուծեց, որ այս առաջարկը կոնկրետ եղել է եկեղեցական խողովակով, ընդ որում՝ զրույցի ընթացքում, հայտնի չէ՝ այն ունի՞ արդյոք պաշտոնական ձևակերպում, թե՞ պարզապես հեռախոսազրույցի ընթացքում արևելյան դիվանագիտական արարողակարգով կամ արևելյան քաղցրախոսությամբ համեմված զրույց է եղել։

«Ուստի, ես կարծում եմ, որ այս առաջարկը, ուղերձն ավելի շատ կարող ենք բնութագրել՝ որպես պատրիարքի հետ զրույցի ընթացքում արված քաղաքավարական ժեստ, քան պաշտոնական ուղերձ և աջակցության առաջարկ Հայաստանին։ Սա տեղավորվում է Թուրքիայի իմիջի կերտման քաղաքականության շրջանակներում, որ՝ չնայած Հայաստանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, ունի խնդիրներ, բայց դժվար պահին Թուրքիան ձեռք է մեկնում Հայաստանին, Թուրքիան հետաքրքրվում է Թուրքիայում ապրող հայերով։ Եվ կարծում եմ, որ ավելի շատ միտված է ոչ թե՝ իրական քայլերին, այլ՝ իմիտացիային, միտված է Թուրքիայի հռետորաբանությունը հարստացնելուն։ Հետագայում թուրքական կողմը սա անպայմանորեն կօգտագործի՝ ասելով, որ մենք օգնության ձեռք ենք մեկնել Հայաստանին։ Սա առավելապես համարում եմ պոպուլիստական հայտարարություն՝ ուղղված միջազգային հանրությանը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Նրա կարծիքով, այս առաջարկը շատ մեծ արձագանք չպետք է ստանա Հայաստանի կողմից գոնե պաշտոնական մակարդակով, սակայն, նրա համոզմամբ, պետք է անպայմանորեն լինի համարժեք արձագանք։

«Եթե պաշտոնապես ուղղված էր Հայաստանին, դրա համար կան տարբեր մեթոդներ  դիվանագիտական, և կարելի է ոչ թե պատրիարքի միջոցով, այլ պարզապես այլ դիվանագիտական խողովակներն օգտագործելով անել դա։ Դրանից բխեցնում ենք հայկական կողմի արձագանքը, քանի որ այդ առաջարկը եղել է նման խողովակով, ապա Հայաստանի արձագանքն էլ, եթե պետք է լինի, պետք է լինի նմանատիպ՝ կամ նույն պատրիարքին պետք է ուղղվի պատասխան հայտարարություն, կամ եկեղեցու միջոցով պատրիարքին ուղղված ինչ-որ պատասխան կոչ պետք է արվի, մեր հոգևորականներից մեկը՝ ոչ վեհափառը կամ դիվանապետը, կարող է Սահակ պատրիարքին հեռախոսազրույցի ընթացքում նմանատիպ մի պատասխան տալ»,- նման տարբերակ ներկայացրեց Ռուբեն Մելքոնյանը։

Անդրադառնալով տեսակետներին, թե պետք է Թուրքիային պատասխանելու այս հնարավորությունն օգտագործել մի շարք խնդիրներ բարձրացնելու նպատակով, թուրքագետն ասաց, որ միգուցե դա կարելի է քննարկել, չնայած աշխարհի օրակարգը ներկայումս բոլորովին այլ հարցերով է հագեցած։

«Քանի որ Թուրքիայի կողմից եղել է նման քայլ, միգուցե մեր ոչ պաշտոնական պատասխանում կարելի է որոշ շեշտադրումներ անել։ Ծանոթ եմ նման գնահատականներին՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ի շրջափակման և այլ հարցեր բարձրացնելով։ Բայց կարծում եմ, որ ինչ պատասխան էլ լինի Հայաստանից, Թուրքիան այն փորձելու է օգտագործել իր համար ցանկալի գույների ներքո: Մասնավորապես ասելու է, որ հայերին առաջարկել են օգնություն, իսկ նրանք, շեղվելով բուն թեմայից, բարձրացրել են այլ հարցեր։ Նման նախադեպեր եղել են։ Նույն սիրիական ճգնաժամի ժամանակ մի խումբ սիրիահայերի Թուրքիան փորձում էր ապաստանել և դա ներկայացնել՝ հումանիզմի դրսևորում, բայց հայերի մեծ մասը մերժեցին, և էլի եմ ասում, որ կասկածում եմ Թուրքիայի հումանիստական մոտեցումներին, ուստի ՀՀ-ի պատասխանն այս խաղում շատ մրցունակ չի լինելու, Հայաստանի հայտարարությունը Թուրքիան կամ անտեսելու է, կամ ներկայացնելու է, ինչպես ասացի, իր համար ցանկալի լույսի ներքո»,- նման կարծիք հայտնեց Ռուբեն Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս