Իհարկե, մտածում ենք պետական պարտքի ավելացման մասին. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան
Հայաստանի նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանն օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում խոսել էր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում պետական պարտքի ավելացման անհրաժեշտության մասին:
«Չլինելով հարկաբյուջետային կանոններից դուրս պետական պարտքի մեծացման ջատագով՝ կարծում եմ, որ, եթե կա իրավիճակ, որ իրավացիորեն պահանջում է պարտքի ժամանակավոր ավելացում, ապա դա հիմա է»,- ասել էր Վաչե Գաբրիելյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր չբացառեց պետական պարտքի ավելացումը, բայց հստակ տեղեկություններ չասաց:
«Ես կարծում եմ, այսօրվա իրավիճակից ելնելով՝ ես համաձայն եմ և չեմ բացառում, և որևէ խնդիր չեմ տեսնում պետական պարտքն ավելացնելու հետ կապված, բայց, այնուամենայնիվ, թվային գնահատականներ և պահեր սահմանել՝ ելնելով այն իրավիճակից, որ ունենք այսօր, կարծում եմ՝ դեռ վաղ է: Դրա մասին մտածել պետք է, բայց որոշումներ կայացնել և թվեր հնչեցնել, կարծում եմ, դեռ վաղ է, որովհետև նույնիսկ աշխարհում իրադարձություններն այնպես են ընթանում և այնպես են զարգանում, որ որոշակի ժամանակ պետք է, որպեսզի մեր անելիքներն ավելի ճշգրտված հնարավոր լինի հրապարակել:
Իհարկե՝ մտածում ենք, իհարկե՝ կան սցենարներ, բայց այս պահին չէի ցանկանա հնչեցնել հստակ տեղեկություններ դրանց պահի և չափի վերաբերյալ»,- ասաց Մհեր Գրիգորյանը: