Բաժիններ՝

Զորամասում դիզվառելիքի և բենզինի յուրացման գործով կայացվել է մեղադրական դատական ակտ

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից դեռեւս 2017թ. մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել է ՀՀ N զորամասում նյութական միջոցների ստացման, պահպանման եւ օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Դրա արդյունքում բացահայտվել է զորամասի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով զորամասին հատկացված խոշոր չափերով վառելիքի յուրացման դեպք:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետ Ա.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զորամասի ավտոծառայության պետ Ա.Գ-ի, ինչպես նաեւ ավտոծառայության վարորդներ՝ Ռ.Ե.-ի, Հ.Մ-ի եւ Ն.Ե.-ի օժանդակությամբ 2015 թվականի փետրվարից մինչեւ 2017 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ուղեգրերում եւ վառելիքի բաշխման ամփոփագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով յուրացրել է զորամասին հատկացված ու իրեն վստահված խոշոր չափերով՝ մոտ 7000լ դիզելային վառելիք եւ բենզին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ դրանց կատարմանն օժանդակելու համար:

Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ եւ ամբողջությամբ հատուցել պետությանը պատճառված խոշոր չափերով վնասը:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2019թ. դեկտեմբերի 13-ին ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որի 2020թ. ապրիլի 1-ի դատավճռով հաստատվել է ամբաստանյալների մեղավորությունը եւ վերջիններս դատապարտվել են ազատազրկման եւ տուգանքի:

«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ ամբաստանյալներն ազատվել են նշանակված պատիժներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս