Բաժիններ՝

Համայնքներից ստացել ենք 40 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրի հայտ. Սուրեն Պապիկյան

«Կառավարությունը 2020 թվականի համար գերառաջնային է համարում կապիտալ ծախսերը, և մենք նախատեսում ենք ոչ միայն բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնել, այլև մեծացնել դրանց  ծավալները»:

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մասնավորապես, նախատեսում ենք մեծացնել սուբվենցիոն ծրագրերի ծավալը: Հիմա բյուջեով հատկացված է շուրջ 10 միլիարդ դրամ, բայց համայնքներից եկած հայտերը կազմել են 40 միլիարդ դրամ: Հանձնաժողովը կտա եզրակացությունը, իսկ Կառավարությունը պատրաստ է իր մասնաբաժին համաֆինանսավորումը կատարել»,- ասաց  Պապիկյանը:

Խոսելով  ջրամբարների կառուցման մասին՝ Պապիկյանը նշեց, որ նախատեսում են  Կապսում կառուցել ջրամբար նախկինում պլանավորած 25 միլիոն խմ-ի փոխարեն՝ 60 մլն խմ տարողությամբ, և արդեն Կառավարությունը ֆինանսավորում է հատկացրել  հարակից տարածքում գտնվող Ջրաձոր համայնքի բնակիչների տեղափոխման համար:

«Նոր կառուցվող ջրամբարի հարակից տարածքում մենք կունենանք արդիական գյուղ, և ցանկացողները, որոնք կուզենան այդտեղ ունենալ տուն, այդ տունը կկառուցվի, կտրվի շահառուներին, իսկ եթե չեն ցանկանա, ապա դիտարկում ենք գումարը տրամադրել և Գյումրիում կամ այլ քաղաքում բնակարան գնել տվյալ բնակչի համար»,- ասաց  Պապիկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս