Բաժիններ՝

 ԱՄՆ-ի, Իսրայելի, Բելգիայի հայերը՝ կորոնավիրուսի և վարակակիրների մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը հայտարարեց համավարակ. մի քանի ամսում այն տարածվեց աշխարհի թվով 208 երկրներում: Վարակակիրների թիվն օրեցօր աճում է և արդեն հատել է 1 մլն  200 հազարի սահմանը:

168.am-ն անդրադարձել է COVID-19-ի շարունակական բռնկմանը  և աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ համայնքի ներկայացուցիչների արձագանքներին:

Իսրայելում վարակվել է նաև Առողջապահության նախարարը: Վարչապետը գտնվում է կարանտինի մեջ

Իսրայելում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 8600-ը, մահերի թիվը՝ 50-ը:

Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ երկրում արդեն երկու շաբաթ է, ինչ արտակարգ դրություն է և խիստ կարանտին է հայտարարված.

«Հանրային տրանսպորտը չի գործում: Փակ է ամեն ինչ, բացի  դեղատներից և սնունդ վաճառող խանութներից: Մարդիկ կարող են դուրս գալ միայն դեղ և սնունդ գնելու համար: Արտոնված է բնակավայրից ամենաշատը 100 մետր հեռանալ: Փակ են նաև ծովափերն ու հանրային այգիները: Կարանտինը խախտողների համար գործում է բարձր տուգանք»:

Մեր զրուցակիցը նշեց, որ վերջին մի քանի օրերին, միջին հաշվով, ամեն օր՝ թվով 500 նոր վարակակիրներ են ավելանում. «Հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված: Թեթև հիվանդները նույնիսկ չեն հոսպիտալացվում. բուժումը ստանում են տանը: Վարակվել է նաև Առողջապահության նախարարը: Վարչապետը գտնվում է կարանտինի մեջ»:

Կորյուն վարդապետ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հայ համայնքում վարակակիրներ չկան.

«Խուսափելու համար վարակվելուց, արդեն երեք շաբաթ է, որ վանքը կարանտին է հայտարարել: Չեղարկվել են բոլոր արարողությունները, դադարեցվել են վարժարանների դասերը: Փակ է նաև պատրիարքության դիվանը: Արտոնված է միայն 10 մասնակիցով որևէ միջոցառում կամ կրոնական արարողություն անելը»:

«Հայ վարակվածներ չունենք մեր համայնքում, բայց գիտենք, որ Փասադենայում անցյալ շաբաթ հայ երիտասարդ մահացավ վարակից»

Ամերիկաբնակ Զարեհ Սափսզյանը, ով նաև Կալիֆոռնիայի Օրինջ շրջանի  Համազգայինի Սիամանթո մասնաճյուղի ատենապետն է, տեղեկացրեց, որ ԱՄՆ-ում ամենաթեժ կետն այս պահին Նյու Յորքն է.

«Ներկայումս դեղամիջոց չկա, ինչպես գիտեք,  և նախագահն ու իր առողջապահական,  գիտական խորհրդականները հաճախ իրար հակասում են. նախագահը շատ լավատես է, իսկ մյուսները՝ ոչ այնքան: Բոլորի կարծիքով՝ պաշտպանվելու լավագույն ձևն առայժմ  տանը մեկուսանալն է:

Ես ու եղբայրս ճաշարան ունենք, որն այժմ փակ է: Ես տանն եմ, ամեն օր մի քիչ քայլում եմ և շաբաթը երկու անգամ գնումների եմ գնում՝ դիմակով և ձեռնոցով, օրը երեսուն անգամ և ավել լվացվում եմ օճառով»:

Զ. Սափսզյանը հավելեց, որ Օրինջ շրջանում հայ համայնքն  ունի կամավորների  խումբ, որոնք ըստ անհրաժեշտության՝ օգնություն կտրամադրեն տարեցներին և  աջակցության կարիք ունեցողներին.

«Երեկ ZOOM-ով հանդիպում ունեցանք մեր համայնքի բոլոր ներկայացուցիչների  հետ ,և զրույցի թեման աջակցության հարցերն էին: Բարեբախտաբար, մեզ մոտ օգնության կարիք ունեցող դեռ չկա:  Հայ վարակվածներ էլ չունենք մեր համայնքում, բայց գիտենք, որ Փասադենայում անցյալ շաբաթ հայ երիտասարդ մահացավ վարակից, լսել ենք նաև, որ վարակակիրներ կան Գլենդելում»:

«Լուրջ հարված էր պետությանը. արդեն գումարներ են հատկացնում փոքր և միջին բիզնեսին, որ կարողանան վճարել աշխատողներին ու չհեռացնեն աշխատանքից»

Ամերիկաբնակ Առնո Խաչատրյանը, ով  Մուրփարկում (Կալիֆոռնիա) ղեկավարում է  «Մոլության և ալկոհոլիզմի դեմ» բուժկենտրոնը, նշեց, որ չնայած ԱՄՆ-ում  կա ընդհանուր կանխարգելիչ միջոցառումների ծրագիր, սակայն ամեն նահանգ ունի իր առանձին  միջոցառումների ցանկը.

«Այն նահանգները, որտեղ ավելի շատ է տարածված կորոնավիրուսը, պարտադիր կարանտինի մեջ են բոլորը, բացի բիզնեսներից, որոնք  կենսական նշանակություն ունեն՝ հիվանդանոցներ, մթերային խանութներ, դեղատներ:  Բոլորին հորդորում են դիմակներով  ու ձեռնոցներով դուրս գալ փողոց, ամեն ինչ ախտահանել, ձեռքերը հաճախ լվանալ: Բուժկենտրոններն ունեն իրենց առանձին անվտանգության միջոցառումները. Օրինակ՝ մեր կենտրոնը, որը համարվում է բուժական կենտրոն,  ունի իր առանձին անվտանգության կանոնները, ամեն հերթափահությունից առաջ, ընթացքում և ավարտին ամեն ինչ մաքրվում-ախտահանվում է, բոլորը դիմակներով պետք է լինեն, ջերմաչափվում են այցելուները»:

Ա. Խաչատրյանը նկատեց՝ քանի որ վիրուսը տարածվում է մարդկանց տեղաշարժով, բոլորին հորդորվել  է տանը մնալ.  «Դպրոցները փակ են. վաղվանից մեր դպոցները սկսելու են օնլայն-հեռավար դասավարում»:

Որպես գործարար՝ մեր զրուցակիցը խոսեց նաև վիրուսի թողած տնտեսական ազդեցությունից .  «Լուրջ հարված էր պետությանը. արդեն գումարներ են հատկացնում փոքր և միջին բիզնեսին, որ կարողանան վճարել աշխատողներին ու չհեռացնեն աշխատանքից: Պետությունը շատ անպատրաստ էր սրան, և այդ պատճառով շուտով կսկսեն ուսումնասիրել՝ ինչո՞ւ պատրաստ չէին, ի՞նչ բացթողումներ են եղել, որ հաջորդ անգամ չկրկնվի»:

«Թեև  հայ համայնքում կան վարակակիրներ, բայց, բարեբախտաբար, լավ են ու տան պայմաններում են բուժվում»

Բելգիայում մարտի  13-ից արտակարգ դրություն է հայտարարված` 168.am-ին փոխանցեց Բրյուսելից  Աննա Ավետիսյանը՝ նշելով, որ ոստիկանները շատ խիստ են հետևում արտակարգ ռեժիմի պահպանմանը.

«Թեև կան անպատասխանատու քաղաքացիներ ևս, բայց ութսուն տոկոսը  խիստ հետևում է կանոններին. ես ինքս տնից եմ աշխատում արդեն մոտ չորս շաբաթ, դուրս եմ գալիս միայն խանութ և դեղատուն գնալու նպատակով: Երեխաս տանը դասերին հեռավար է մասնակցում»:

Բնակչության շրջանում տրամադրություններին անդրադառնալով՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց.  «Անհանգտություն կա, բայց նշեմ, որ այստեղ այն մարդկանց, ովքեր վարակակիր են, բայց բարդ վիճակում չեն, ուղարկում են տուն՝ ինքնամեկուսացման»:

Այս առումով, ըստ մեր հայրենակցի՝ Հայաստանում արվում է մաքսիմալը.  «Ոչ բոլոր պետություններում են դա անում»:

Ա. Ավետիսյանը հայտնեց, որ Բելգիայի հայ համայնքը և  Հայ Առաքելական եկեղեցին հետևում են պետության կողմից բոլոր միջոցառումներին.   Հայ եկեղեցին կոչ է անում  հետևել կանխարգելիչ միջոցառումներին և տանը մնալ. ամեն օր օնլայն տարբերակով մենք կարող ենք միանալ մեր եկեղեցու ֆեյսբուքյան էջին և միասին աղոթել բոլորիս համար, իսկ եկեղեցուն կից հայկական կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները կրկին հեռավար հանձնարարություններ են տալիս, որ անգամ այս վիճակում մեր երեխաները չմոռանան մայրենին: Թեև  հայ համայնքում կան վարակակիրներ, բայց բարեբախտաբար, լավ են ու տան պայմաններում են բուժվում»:

Շարունակելի…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս