Եթե ոսպն ու հնդկաձավարը թանկացել են, ընտրեք փոխարինիչներ. Տիգրան Խաչատրյան

Խանութներում արդեն իսկ նկատվում է շատ ապրանքների գների կտրուկ աճ: Շատերն են ահազանգում, որ հնդկաձավարի մեկ կիլոգրամը՝ նախկին 250 դրամի փոխարեն, այսօր արժե  750-800 դրամ, իսկ ոսպի մեկ կիլոգրամը՝ նախկին 450 դրամի փոխարեն, արժե 650-700 դրամ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այս գնաճի երկու հնարավոր հիմք է տեսնում:

Նախարարի խոսքով՝ առաջինը կապված է մատակարարման լոգիստիկ շղթաների հետ, որոնք վերջերս որոշակիորեն վնասված էին:

«Մեր ապրանքային հոսքի զգալի մասն իրանական սահմանի կողմից կամ Ռուսաստանում՝ Լարսի կողմից, ժամանակ առ ժամանակ հանդիպում էին դժվարությունների: Եթե դա Լարսին էր վերաբերում, այնտեղ առկա էր նաև եղանակային գործոնը, և չնայած այդ դժվարություններին, ի պատիվ մեր տնտեսվարողների, պետք է ասենք, որ առ այսօր հնարավոր է եղել ապահովել կանոնավոր մատակարարումներ»,- ասաց նախարարը:

Երկրորդ հիմքը, ըստ Տիգրան Խաչատրյանի, արտաքին շուկաներում ապրանքների գնաճն է:

«Կոնկրետ, խոսքը վերաբերում է հնդկաձավարին, երբ մենք անցյալ շաբաթվա վերջում քննարկում էինք մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ, եղավ պարզաբանում, որ հնդկաձավարի գները սկսել էին բարձրանալ Ռուսաստանում, մասնավորապես, մինչև կորոնավիրուսի ազդեցությունը և տնտեսական դժվարությունները: Դա պայմանավորված է  շուկայով»,- պարզաբանեց նախարարը:

Ըստ Խաչատրյանի՝ գների հնարավոր փոխոխություններ հնարավոր են, բայց տնտեսվարողները հնարավորինս փորձում են այնպես կազմակերպել, որ սպառողի համար գների բարձրացում չլինի:

Իսկ եթե գների բարձրացում է նկատվում, նախարարը՝ որպես այլընտրանք, առաջարկեց.

«Եթե տեսնում ենք, որ ոսպի և հնդկաձավարի գները պարբերաբար բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել դրա մյուս փոխարինիչները, որոնք առկա են, հասանելի են: Այդպիսով նաև շուկան է կարգավորվում»,- առաջարկում է նախարարը:

Հ.Գ. Իսկ ի՞նչ անեն մարդիկ, եթե մի օր հացը թանկանա, ինչո՞վ փոխարինեն:

Տեսանյութեր

Լրահոս