Սակագին՝ վարակի պահին
Արտակարգ վիճակի պահին բոլոր տնտեսական լուրերը սպասված են: Համարյա առանց բացառության: Բոլորն էլ գիտեն, որ իշխանություններն ամենօրյա պարբերականությամբ պիտի հայտարարություն անեն բիզնես միջավայրին աջակցելու մասին: Սա իսկապես բոլորը գիտեն: Բոլոր երկրներում գիտեն: Գիտեն, որ կառավարությունների որոշումներն ու հայտարարությունները հնարավորինս բարձրագոչ պիտի լինեն ու ոչինչ չպարտավորեցնող: Որովհետև դրանց բուն նպատակը սրտի հովանի լինելն է: Ժամանակավոր: Մինչև արհավիրք-վարկն ավարտվի:
Հետևանքները գնահատվեն, ապա նոր միայն յուրաքանչյուրը փորձի հնարավորինս իրատեսական ծրագիր կազմել: Իրատեսական ու օգտակար: Իսկ մեր պարագային սպասելի էր, որ «Գազպրոմ Արմենիան» հենց այս օրերին պիտի ՀԿՀԾ-ին դիմեր՝ սակագինը վերանայելու (իմա՝ բարձրացնելու) հաշվարկ-նպատակով:
Դեռ տարեվերջին գիտեինք, որ դիմելու է: Որովհետև այս հիմնարկության համար գազի գինը սահմանին դեռ 2019-ի հունվարի 1-ից էր թանկացել 10 տոկոսով: Ու դա առաջին դեպքը չէր, երբ մեր իշխանությունները ձևացնում էին, թե թանկացման խնդիրն իրենց չի վերաբերում: Այդպես 2000-ականների սկզբին վարվեցին մեր իշխանությունները: Ապա 2002թ. ամռանը կնքեցին «Գույք՝ պարտքի դիմաց» անունով համաձայնագիրը: Այդ համաձայնագրով տարիներ շարունակ ցածր գնով օգտագործված գազի դիմաց բավական գույք օտարվեց: Հետո ամեն ինչ կրկնվեց 2013թ. վերջին: Բայց ավելի փոքր ծավալով: Կրկին ներքին շուկայում սակագինը չէր վերանայվել: Կրկին պարտքեր էին կուտակվել: Այդ անգամ մեր իշխանությունները զիջեցին «ՀայՌուսգազարդի» պոետական (վերջին) 20 տոկոսանոց մասնաբաժինը: Այլ կերպ ասած, մենք արդեն երկու փորձ ունենք, երբ պոպուլիստական տնտեսական քաղաքականության արդյունքում, ի վերջո, «բիրիքով» ենք վճարում:
Ներկայիս կառավարությանն ամեն ինչի մեջ կարելի է մեղադրել՝ նախկինների հետ համեմատելով, բացառությամբ՝ պոպուլիստական տնտեսական քաղաքականության: Հետևաբար՝ արդեն 1 տարի 3 ամիս է՝ շարունակում ենք չնկատել, որ գազի գինը 10 տոկոսով աճել է: Ու «Գազպրոմ Արմենիան» չի կարող անվերջ դա փակել մաշվածքի հաշվին: Մաշվածք ասածն ինքն է մի օր մաշվում-պրծնում: Հիմա եկավ վճարելու ժամանակը: Արտակարգ վիճակի սահմանափակումների պարագային հնարավոր չէ հստակ պարզել, թե ինչ փաստաթուղթ է ներկայացվել ՀԾԿՀ:
Ըստ մամուլի՝ այս անգամ բնակչության համար առաջարկվում է սակագնի մոտ 36 տոկոսանոց աճ: Փոխարենն առաջարկվում է խոշոր սպառողների (իմա՝ տնտեսվարողների համար սակագինը նվազեցնել):
Կրկնվեմ՝ առաջարկը սպասելի էր: Որովհետև, ինչպես ժողովրդական առածն է պնդում՝ «Բիձեն իմաստուն չէր, բիձու գլխին եկած էր»:
Նախորդ փորձերից մեկ այլ սպասելի փաստ էլ կա: Դիմումատու կազմակերպությունը սակագնի աճի մեծ թիվ է ներկայացնում: Քննարկումների ընթացքում ՀԾԿՀ-ն մի փոքր մեղմում է: Ու բոլորը գոհ են մնում: Նախկինում այդպես էր: Նախկինում էլ խոշոր տնտեսվարողների համար ցածր սակագին հաստատելիս շատ լավ ու, որ ավելի կարևոր է՝ տնտեսական գրագետ հիմնավորումներ էին ներկայացվում:
Այդպես լինում էր ամեն անգամ, երբ գալիս էր կուտակած պարտքը մարելու ժամանակը և «ձեռքի տակ» համար գույք չէր լինում պարտքի դիմաց զիջելու համար:
Չնայած բոլորն էլ գիտեն, որ գույք ասածը միշտ էլ ավելի բարձր գնով կարելի է վաճառել, քանի դեռ պարտքերի մեջ չես խրվել: Այդ վիճակում տնտեսապես ավելի անկախ ես: Թե՛ բանակցելու, թե՛ որոշում կայացնելու համար: Ցավալի է, բայց վարակի պահին այլ տնտեսական տեղեկատվություն չկա: