«Մի քանի նման դեպք նկարելով՝ փորձում են մեր այս փայլուն ընտրությունները դնել կասկածի տակ, չեմ կարծում, որ դա արդար է». Արայիկ Հարությունյան

«Չնայած աշխարհում կորոնավիրուսի վտանգին, երեկ Արցախում մենք պետականաշինության կարևոր քայլ ենք իրականացրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը: Այսօր առավոտյան Արցախի ԿԸՀ-ն ամփոփեց քվեարկության նախնական տվյալները: Ընտրությունների երկրորդ փուլ կլինի Արայիկ Հարությանյանի և Մասիս Մայիլյանի միջև:

«Ունեցել ենք քաղաքական ակտիվ, բուռն ժամանակահատված, այդ ընթացքում նաև տարբեր գնահատականներ են հնչել, մանավանդ վերջին օրերին անհիմն մեղադրանքներ են հնչել «Ազատ հայրենիք» կուսակցության հասցեին»,- ասաց Հարությունյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարն անդրադարձավ ընտրությունների ընթացքում Շուշիում տեղի ունեցած միջադեպին, երբ մի կին լուսանկարել էր իր քվեարթերթիկը: Դիտորդները դա որպես խախտում էին արձանագրել և ֆիքսել, թե որ կուսակցության օգտին է եղել կնոջ քվեարկությունը:

«Մարդը գտնվում է առողջական շատ ծանր վիճակում, ափսոսում եմ, որ ոչ մարդկային վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ: Չեմ ուզում կրկնել նրա խոսքերը, այդ մարդուն ես կամ իմ թիմը կաշառելու կարիք չունենք, քանի որ ինձ շատ հարազատ մարդ է, չգիտեմ՝ միամտորե՞ն է կատարել, թե՞ հատուկ է արել: Մի քանի նման դեպք նկարելով, մի քանի մարդու պատճառով՝ փորձում են մեր այս փայլուն ընտրությունները դնել կասկածի տակ, չեմ կարծում, որ դա արդար է: Քարոզչական ժամանակահատվածում, մինչև այդ, փորձել են թիրախավորել «Ազատ հայրենիք» կուսակցությանը»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահի թեկնածուն վստահեցնում է՝ ընտրությունների արդյունքների վրա որևէ միջամտություն չի եղել: Դեռ ընտրություններից առաջ էլ իր համար կանխատեսելի են եղել արդյունքները: Կանխատեսումները չեն իրականացել միայն Ստեփանակերտում: Արայիկ Հարությունյանը նկատեց, որ չնայած անհանգստություններին, մասնակցությունը բավականին ակտիվ է եղել: Արցախի ԿԸՀ տվյալներով՝ ընտրական իրավունք ունեցողների 73.5 տոկոսը գնացել է քվեարկության:

«Սկզբում կասկածի տակ էին դնում, որ կորոնավիրուսի պատճառով մարդկանց մասնակցությունը քիչ է լինելու, և դա արդար չէ, հետո տեսան հոսքը: Փորձեցին մեղադրել մեզ, թե ինչու ենք անցկացնում ընտրություններ այս վտանգի պայմաններում: Ընդունում ենք դիտողությունը: Եթե իշխանությունները հայտարարեին, որ անհնարին է պահպանել մեր հայրենակիցների առողջությունը, ապա մենք առաջինն էինք լինելու, որ համաձայնելու էինք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է երկրորդ փուլի անհրաժեշտությանն ու հնարավոր վտանգներին, նախագահի թեկնածուն ասաց՝ սա ևս իշխանությունների որոշելիքն է.

«Թող իշխանությունները որոշեն՝ ինչ են անելու: Ես հանդիպումներ չեմ իրականացնելու, ընտրողներն արդեն գիտեն, թե ինչպես են քվեարկելու, շատ անելիքներ չկան»:

Լրագրողներից մեկը նկատեց, որ Ազգային ժողովի ընտրություններում, որը տեղի էր ունենում՝ զուգահեռ նախագահի ընտրություններին, Սամվել Բաբայանի կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցրել, իսկ Բաբայանը նախագահական ընտրություններում աջակցում էր Մասիս Մայիլյանին, ապա հարցրեց, թե արդյո՞ք սա չի նշանակում, որ Մայիլյանի ձայների մեծ մասը պատկանում են Բաբայանին, և, եթե Սամվել Բաբայանը որոշի համագործակցել Արայիկ Հարությունյանի հետ և թողնի Մայիլյանին միայնակ, Հարությունյանը կհամագործակցի՞ Մասիս Մայիլյանի հետ:

«Ես դեռ ոչ մեկի հետ չեմ հանդիպել ու չեմ զրուցել, Արցախում ես հակառակորդ, թշնամի չունեմ: Մասիս Մայիլյանի հետ ունեմ անցած ճանապարհ, Սամվել Բաբայանը եղել է մեր հրամանատարը, երբ ես ծառայում էի, թեկնածուներից երկուսը սանիկներս են, բոլորի հետ ընկերներ ենք, եթե ես այսպես շարունակեմ… Խնդրանքս է հայաստանյան լրատվամիջոցներին՝ մի փորձեք սեպ խրել մեր մեջ, ծանր է եղել ընթացքը, կանցնի, Ղարաբաղում չկա մարդ, ում հետ ես չեմ կարող համագործակցել: Աղետ է սպասվում ամբողջ աշխարհի տնտեսությանը, մենք միասին պետք է պայքարենք»,- ասաց Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս