«Ուշագրավ է, որ նախագահական ընտրություններում 2-րդ տեղն զբաղեցրած թեկնածուի գլխավորած դաշինքը ԱԺ չանցավ». Արփինե Հովհաննիսյան   

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ ապրիլի 1-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որից հետո պարզ կլինի` Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյա՞նը կլինի ԱՀ նախագահ, թե՞ գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

168.am Արցախում դիտորդատական առաքելությամբ գտնվող «Իրավական կրթություն և վերահսկողություն» Հ/Կ նախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ զրուցեց երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների և Արցախում այս պահին տիրող իրավիճակի մասին:

Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը։ Բազմաթիվ տեղամասերում եք եղել։ Աղաղակող ընտրախախտումներ նկատե՞լ եք արդյոք:  Դրանց քանակը կարո՞ղ էր ազդել ընտրությունների ընթացքի վրա:

– Ընդհանուր առմամբ Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքը կարելի է գնահատել՝ որպես ազատ, մրցակցային և, ընդհանուր գծերով, միջազգային չափանիշերին համապատասխան ընտրություններ: Մեր դիտորդական առաքելությունը դիտորդություն իրականացրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ-ի և «Իրավական կրթություն» հ/կ-ի միջոցով: Թվով 140 դիտորդներ ենք ունեցել, որոնք 100-ից ավելի ընտրատեղամասերում իրականացրել են դիտորդական առաքելություն:

Սկզբունքորեն կրկնվող խախտումներ են հայտնաբերվել, որոնք աղաղակող անվանել չի կարելի: Հենց առավոտից աչքի էր զարնում մարդկանց քանակը. մասնակցությունը բարձր էր, և այդ պատճառով մի շարք ընտրատեղամասերում նկատվել են մարդկանց կուտակումներ: Բացի այդ, բավականաչափ տեղամասերում նկատվել են դեպքեր, երբ ընտրողները լուսանկարել են իրենց քվեաթերթիկները: Ընդ որում, որոշ դեպքերում դա պայմանավորված է եղել նրանց չիմացությամբ: Կամ բաց էին քվեարկել, կամ լուսանկարել էին թերթիկը, որից հետո, երբ դիտորդը նկատել ու տեղեկացրել է, որ նա իրավունք չունի լուսանկարել, ընտրողը հեռախոսի միջից պարզապես հեռացրել է քվեաթերթիկի լուսանկարը: Եղել են դեպքեր, երբ ակնհայտորեն լուսանկարելը եղել է սադրանք: Ընտրախախտումներից նկատվել են նաև բավականին շատ դեպքեր, երբ քվեախցիկի մոտ երկու և ավելի անձինք են եղել, բայց ընտրությունների վերահսկման նպատակով ընդամնը 1-2 դեպք է արձանագրվել մեր դիտորդների կողմից:

Մեծ մասամբ դրանք այն դեպքերն էին, երբ տարիքով մարդկանց օգնել են քվեարկել: Ինքս էլ շատ տեղամասերում տեսել եմ, որ մարդկանց օգնել են քվեարկել: Գրանցվել են նաև վիճաբանության 1-2 դեպքեր, բայց ընդհանուր առմամբ ամփոփելով պատկերը` կարող եմ ասել, որ այդ խախտումները, իհարկե, ազդեցություն չեն ունեցել ընտրական գործընթացի վրա: Իսկ պատկերն այն է, որ փաստացի նախագահական ընտրությունների ժամանակ Արայիկ Հարությունյանը ստացել է ընտրողների շուրջ 49.26 %-ի ձայները, երկրորդ տեղում է Մասիս Մայիլյանը` ձայների 26.4 % քանակով, նրան հաջորդում է Վիտալի Բալասանյանը` 14.7 %-ով:

– Ի՞նչ իրավիճակ ունենք՝ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված: Ո՞ր ուժերն են անցել Խորհրդարան:

– Հատկանշական է, որ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք և ՔԴՄ» դաշինքը Խորհրդարանում փաստորեն ստացել է ընտրողների 40 % ձայները` զբաղեցնելով 1-ին տեղը խորհրդարանական մանդատների բաշխման աղյուսակավորման մեջ: Վիտալի Բալասանյանի գլխավորած Արցախի  «Արդարություն» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների շուրջ 7.2 %-ը, իսկ Մասիս Մայիլյանի գլխավորած «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը փաստորեն Խորհրդարանում տեղ չի ունենա: Սա իրականում բավականին հետաքրքիր միտում է, որը նկատվել է, և Արցախի խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրել է «Միասնական հայրենիք» կուսակցությունը`23.6 % ձայների քանակով: Խորհրդարան անցել են փաստացի 5 քաղաքական ուժեր: Նշածս ուժերից բացի, երկրի օրենսդիր մարմնում ներկայացված կլինեն նաև Աշոտ Ղուլյանի ղեկավարած ԱԺԿ-ն և Հայ հեղափոխական դաշնակցությունը:

Արցախում այսօր մթնոլորտն ինչպիսի՞ն է։ Արդյո՞ք լարվածություն նկատվում է։

– Ոչ, այս պահին Արցախում որևէ լարվածություն չկա: Մինչև ուշ գիշեր աշխատել են դիտորդները: Հետաքրքիր էր, որ այստեղ աշխատանք իրականացնող դիտորդական թե լրագրողական առաքելություններից մեկը գրել էր, թե՝ «Ի՞նչ պատահեց, երբ գիշերը` ժամը 3-ից, դադարեցրեցին հաշվարկը»: Կարծես թե վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Խառատյանն էր նման միտք հայտնել:

– Չի՞  եղել ձայների հաշվարկի ընդհատում:

– Ոչ, չի եղել: Դիտորդները փաստագրված մինչև գիշերը 5-5:30-ը, երբ ավարտվել է քվեաթերթիկների հաշվարկը, անընդհատ նոր տեղեկատվություն են ներկայացրել: Ժամը 3-ից ձայների հաշվարկը չի դադարեցվել: Այս պահին էլ ամեն ինչ նորմալ է, ընթացիկ:

Դիմել էիք Արցախի Հանրապետության դատախազություն՝ իրեն Արցախի հեղափոխական կուսակցության առաջնորդ հայտարարած Արթուր Օսիպյանի դրսևորած վարքագծի առնչությամբ։ Ի՞ նչ ընթացք է տրվել Ձեր հաղորդմանը։

– Այո, դիմել էի դատախազություն, հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանի դրսևորած վարքագծի առնչությամբ, որը տեղի է ունեցել տեղամասում: Ինձ դատախազությունից հայտնեցին, որ այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

Տեսանյութեր

Լրահոս