«Քվեախցիկը դրել էին աստիճանների տակ, որ վերևից վերահսկեին». Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն արդեն երկար ժամանակ Արցախում է: Նա մասնակցում էր նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավին, իսկ երեկ՝ մարտի 31-ին, որպես դիտորդ՝ ներկա էր բուն քվեարկությանը: 168.am-ը Աղեկյանից հետաքրքրվեց՝ խախտումներ արձանագրե՞լ են:

«Ավելի լավ է հարցնեք՝ արձանագրե՞լ եք «չխախտում»: Գիտե՞ք՝ ինչ կարգի խախտումներ են եղել, ամեն ինչը խախտված է եղել: Քվեատուփը քվեատուփ չէր, այլ «քվեավեդրո», հենց «վեդրո», ոչ թե դույլ: Դրանք էլ բաց, առանց կնիքի, ով ուզել՝ բացել է, ով ուզել՝ փակել է, քանի անգամ ֆիքսել ենք այդ պահը: Քվեատուփերը դրված են եղել բաց դռան մոտ, մուտքի դռան մոտ, տեսագրություններ ունենք»,- ասաց Սոնա Աղեկյանը:

Դիտորդը հասցրել է լինել մի շարք ընտրատեղամասերում: Նրա խոսքով՝ խախտումներ արձանագրել են գրեթե բոլորում:

«Եղել եմ Մարտակերտի շրջանի գրեթե բոլոր գյուղերում: Հենց Մարտակերտի 2 ընտրատեղամասերում արձանագրել ենք, որ կահավորանքը սխալ է: Քվեախցիկը դրել էին աստիճանների տակ, որ վերևից մեկը վերահսկեր, ու մարդիկ վախից, որ վերահսկվում են, գալիս էին, քվեարկում էին նրան, ում որ պատվիրված է: Կահավորանքը փոխել տվեցինք, բայց արդեն բավականին ժամանակ էր անցել»,- ասաց Աղեկյանը:

Մեր հարցին, թե իր կարծիքով՝ ո՞ւմ օգտին էին արվում դիտորդի նշած խախտումները, Սոնա Աղեկյանը պատասխանեց.

«Ամեն ինչ արվում է, որ Մասիս Մայիլյանը երկրորդ փուլով դառնա նախագահ: Գրեթե բոլոր ընտրատեղամասերի մոտ կանգնած էին սպիտակ նիվաներ, որոնց վրա կամ գրված էր «Ազատ Հայրենիք», կամ համարները 6-երով էին: Նրանք էլ Արայիկ Հարությունյանի մարդիկ էին: Մի պահ, երբ արդեն մի քանիսին բռնացրինք, Ոստիկանություն կանչեցինք, հեռացրին: Մեկի հետևից գնացի, արձանագրել եմ, որ գնում է Արայիկ Հարությունյանի շտաբի դիմաց կանգնում է, «Ազատ հայրենիք» նշանը պոկում է»:

Արցախի ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ Արցախի նախագահի 14 թեկնածուներից ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, լինելու է երկրորդ փուլ, որին կմասնակցեն Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը:

Տեսանյութեր

Լրահոս