Բաժիններ՝

Ցանկացած պահի, երբ Կառավարությանը պետք լինի որևէ անձի տեղաշարժման գրաֆիկն ունենալ, ունենալու է. Գևորգ Գորգիսյան

Կառավարության որոշմամբ՝ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում է ընդգրկված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով նախատեսվում է միասնական մեկ հարթակում հավաքագրել բոլորի՝ անկախ նրանից անձը վարակակիր է, թե կոնտակտավոր, հեռախոսահամարները` քաղաքացու տեղորոշման համար, անձանց հեռախոսային խոսակցության սկիզբը և ավարտը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ թեև նախարար Բադասյանն ասում է, որ  տվյալների հավաքագրումը պայմանավորված է միայն արտակարգ դրության իրավական ռեժիմով և օգտագործվելու է միայն այդ ժամանակահատվածում, սակայն նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ կետում հստակ ասվում է, որ մշակված անձնավորված տվյալները ոչնչացնելու պահանջը արգելք չէ ապանձնավորված վիճակագրական տվյալները պահպանելու և օգտագործելու համար:

«Այսինքն այստեղից հետևում է, որ այդ ապանձնավորված տվյալները, որոնք ցանկացած պահի կարող են դառնալ անձնավորված, պահվում է անորոշ ժամկետով, չկա որևէ սահմանափակում: Ասվում է՝ պահվում է՝ հետագայում օգտագործվելու համար է, բայց չի ասվում օրենքի նախագծում, թե ինչ նպատակի  համար է օգտագործվելու: Չեք կարծում, որ սա լուրջ բացթողում է»,-դիմելով նախարարին՝ ասաց  Գևորգ Գորգիսյանը:

Ի պատասխան նախարարը նշեց, որ ապանձնավորված տվյալները որևէ անձնական տվյալ չեն պարունակում, դրանք վիճակագրական տվյալներ են, որից կարող է Կառավարությունը որոշակի եզրահանգումների գալ՝ վնասների հատուցման հարցեր քննարկելու, ապագայում համաճարակների կանխարգելման լավ ռազմավարություն մշակելու համար:

«Որևէ միտում որևէ անձի անձնական տվյալը պահպանելու չկա, դրա համար գրված է, որ ոչնչացվում է»,-ասաց  նախարարը:

Արձագանքելով ՝ Գորգիսյանը նշեց, որ ապանձնավորված տվյալները պահվում են, բայց ցանկացած պահի, երբ Կառավարությանը պետք լինի որևէ անձի տեղաշարժման գրաֆիկն ունենալ, ունենալու է:

«Հիմա մենք ինչու ենք այդ տվյալները անվերջ երկար պահում: Նախագծում  գրել ենք՝ հետագայում օգտագործելու համար է պահվում, բայց չի գրվել այդ հետագայում օգտագործելու համար ինչ նկատի ունենք»:

Նախարար Բադասյանն ի պատասխան հավելեց, որ  տեխնիկապես հնարավոր չի լինելու հնարավորություն անձնավորված տվյալները ոչնչացնելուց հետո գնալ դեպի ապանձնավորված տվյալների բացահայտման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս