«Իշխանությունները համաճարակի սկզբի կառավարումը բաց թողեցին, այդ պատճառով էլ այսօրվա համարժեքությունը չի կարող փոխհատուցել նախկինում չարածը». Քաղտեխնոլոգ
«Հայաստանում այժմ կառավարման գործընթացը կարող ենք բաժանել երկու հատվածի՝ համաճարակի սկզբնական շրջանում, մյուսը՝ մեջտեղից սկսած և ներկա ընթացող պահը: Սկզբնական շրջանում մենք տեսնում էինք, որ իշխանությունը և անձամբ վարչապետը լուրջ չէին վերաբերվում այս համաճարակին, մասնավորապես՝ բոլորն էլ հիշում են վարչապետի խոսքերը, թե՝ «կորոնավիրուսն ում դռան շունն է», «պիցենտով կհանեն», «տնական օղիով» կախտահանեն, և այլն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակում որքանո՞վ է արդյունավետ կառավարումը:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ հաշվի առնելով վարչապետի այն քայլերը, որով նպատակ էր դրել ամեն գնով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իր համար դրական արդյունքով ապահովելու, կարելի է ենթադրել, որ վարչապետը լուրջ չէր վերաբերվում վիրուսի տարածմանը: Գրեթե այսպիսին էր նաև Առողջապահության նախարարի վերաբերմունքը, որը սկզբնական շրջանում կատակեց, թե՝ եկել է Հարավային Կորեայից և բոլորին կվարակի, ավելին՝ իր երեխաներին էլ դպրոց կուղարկի, և այլն: Սակայն հետագայում՝ տեսնելով, որ կորոնավիրուսի տարածումը վտանգավոր և մեծ թափ է հավաքում ամբողջ աշխարհում, ստիպված էին փոխել իրենց վերաբերմունքը ստեղծված իրավիճակի նկատմամբ և այժմ համեմատաբար ադեկվատ վերաբերմունք ունեն:
«Այդուհանդերձ մեր իշխանությունները համաճարակի սկզբի կառավարումը բաց թողեցին, չիրականացրեցին համարժեք գործողություններ, մասնավորապես, երբ հայտարարվեց, որ վիրուսն արդեն հայտնվել է Իտալիայում, և պետք է փակել Հայաստան-Իտալիա օդային սահմանը, սրան լուրջ չէին վերաբերվում և միայն Իտալիայի դեմ էին ինչ-որ գործողություններ անում: Այսինքն՝ սկզբից լուրջ չէին, վիրուսը տարածվեց, և, կարելի է ասել՝ կեսից սկսեցին լրջանալ, բայց քանի որ սկզբում բաց է եղել, այդ պատճառով էլ այսօրվա համարժեքությունը չի կարող փոխհատուցել նախկինում չարածը: Սկզբնական շրջանում նաև վարչապետի և փոխվարչապետի կողմից իրավիճակի հետ կապված տարբեր մոտեցումներ էին ցուցաբերվում: Այսինքն՝ նրանց գործողությունները համակարգված չէին: Մեկն ասում էր, որ արտակարգ դրությունը ժամանակից շուտ կարող է չեղյալ հայտարարվել, մյուսը՝ հակառակն էր պնդում»,- նշեց Արմեն Բադալյանը:
Ըստ քաղտեխնոլոգի՝ վարչապետը ստեղծված իրավիճակը վերածել է շոուի բնույթ ունեցող գործողությունների՝ անընդհատ ուղիղ եթեր է մտնում սոցիալական ցանցերում, քաղաքացիների է զանգում և իբրև փորձում նրանց խնդիրներին ծանոթանալ, սակայն, եթե վարչապետը ցանկանում է նման քայլ իրականացնել, բնավ անհրաժեշտություն չկա դա անել ուղիղ եթերում:
Ուստի, Արմեն Բադալյանի բնորոշմամբ, նույնիսկ համաճարակի դեմ պայքարում վարչապետը շեշտադրումն արել է շոուի և PR-ի վրա, փոխարենը՝ արդեն իրականությանը համարժեք են դարձել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործողությունները, որը գիտակցում է, թե ինչ է անում, և մասնագետ լինելով՝ հասկանում է, թե համաճարակը մինչև ուր կարող է տանել հասարակությանն ու երկիրը, իրավիճակը որոշ չափով էլ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանն է գիտակցում:
«Եթե վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգում է, օրինակ, 100 քաղաքացու, ապա այնպես չէ, որ նրանք արտահայտում են ամբողջ պատկերը, սա ճիշտ չէ: Օրինակ՝ ընտրությունների ժամանակ նման տեխնոլոգիա օգտագործում են, սա բավականին բարդ տեխնոլոգիա է, և պետք է իմանան, թե այն ինչպես կարող են օգտագործել, որպեսզի որևէ արդյունք ստանան, վարչապետի կողմից այս քայլի կիրառումը լրիվ անիմաստ էր, լրիվ շոուի համար արված գործողություն, սրանով նա ոչ մի բան չէր անում, բացի փիառից»,- շեշտեց Արմեն Բադալյանը:
Նա նաև հավելեց, որ համաճարակային և արտակարգ դրության ժամանակ կառավարումը տարբերվում է սովորական ժամանակների կառավարումից, որի ավելի խորն ուսումնասիրությունը կատարել են կառավարման փորձագետները, քանի որ սա մասնագիտական հարց է:
Քաղտեխնոլոգը նաև ընդգծեց, որ մինչև ապրիլի 14-ը, երբ կավարտվի արտակարգ դրության ժամկետը, պետք է նախ հասկանալ՝ ապրիլի 1-ից հանվելո՞ւ է ինքնամեկուսացման մեկշաբաթյա ռեժիմը, թե՞ ոչ:
«Արդեն մեկ շաբաթ է՝ ամբողջ տնտեսությունը կանգնած է, բացի պարեն արտադրողներից ու պարենային խանութներից: Օրինակ՝ Ֆրանսիան արտակարգ իրավիճակը երկարաձգեց ևս երկու շաբաթով, պետք է հասկանանք, թե Հայաստանում ինչպես է լինելու, եթե չդադարեցվի, ապա սա լուրջ խնդիրներ է առաջացնում տնտեսության մեջ, չնայած այնպես չէ, որ մինչև այս վիճակը խնդիրներ չկային: Շատ մարդիկ արդեն գործազուրկ են դարձել, սոցիալական վիճակը ծանրացել է, եթե արտակարգ դրությունը հանեցին, նորից օրակարգ է մտնելու հանրաքվեի հարցը, չնայած սա էլ միանշանակ չէ՝ հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ: Այսինքն՝ այժմ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան պատկերացնում ենք, այդ պատճառով էլ հնարավոր չէ ասել, թե ինչ կլինի»,- եզրափակեց Արմեն Բադալյանը: