ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում բնակվող մեր հայրենակիցները՝ կորոնավիրուսի ու տիրող իրավիճակի մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգները կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով առաջ է անցել Չինաստանից:
Մարտի 26-ին ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 17:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով մարտի 27-ին, առավոտյան 1:00-ին) Միացյալ Նահանգներում գրանցվել է՝ կորոնավիրուսի 82404, Չինաստանում՝ 81285, Իտալիայում՝ 80589, Իսպանիայում՝ 56786, Գերմանիայում՝ շուրջ 44 հազար, Իրանում՝ ավելի քան 29 հազար վարակակիր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվալներով` կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 199 երկրում: Վիրուսի դեմ պայքարի գործում բոլոր երկրների իշխանությունները սահմանափակումներ ու արգելքներ են հաստատել:
168.am-ի հետ զրույցում ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում բնակվող մեր հայրենակիցները խոսել են տիրող իրավիճակի մասին։
Տիկին Լիան, ով բնակվում է ԱՄՆ-ում և աշխատում է բուժհաստատություններից մեկում, հայտնեց, որ օրեցօր ավելանում է վարակակիրների թիվը՝ թե՛ ծերերի շրջանում, թե՛ երիտասարդների։
«ԱՄՆ-ում ահավոր վիճակ է, մեծ արագությամբ ավելանում է վարակակիրների թիվը։ Ես հիվանդանոցում եմ աշխատում, իրավիճակը սարսափ ֆիլմի է նման։ Օրինակ՝ Լոս Անջելեսում տնից դուրս գալու արգելքի վերաբերյալ դեռ կոնկրետ օրենք չկա, սակայն բոլոր ուսումնական հաստատությունները, խանութները, ռեստորանները փակ են։ Ամենաաբսուրդն այն է, որ ԱՄՆ-ի նման հզոր երկրում Երրորդ համաշխարհային պատերազմի տպավորություն է։ Դիմակները չեն բավականացնում, սարքերն էլ քիչ են»,- ասաց նա։
Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող մեր հայրենակից Արաքս Ավետիսյանի փոխանցմամբ՝ օրենք կա, համաձայն որի՝ միայն փաստաթղթով կարող են դուրս գալ։
«Կարող են տնից դուրս գալ միայն նրանք, ովքեր սննդի սպասարկմամբ են զբաղվում, աշխատում են հիվանդանոցում, փոստային ծառայությունում, բենզալցակայաններում և պետական որոշ կառույցներում։ Ֆիզիկական վարժություններ կատարելու համար կարող են դուրս գալ՝ բնակության վայրից 1 կմ հեռավորություն պահելու պայմանով։ Կարող են գնալ մոտակա սուպերմարկետ՝ գնումների։
Մեր ընտանիքը, արդեն 14 օր է՝ մեկուսացած է, անգամ խանութ չենք գնացել։ Ֆրանսիայում դիմակների դեֆիցիտ կա, դեղատներում ընդհանրապես չկա, եղածն էլ տրամադրում են բուժաշխատողներին։ Ալկոգել լավ փնտրելու դեպքում, հնարավոր է՝ գտնես, բայց գինը թանկացրել են։ Մահեր գրանցվում են բոլոր տարիքային խմբերում։
Երեկ 16 տարեկան դեռահաս է մահացել կորոնավիրուսից։ Մահացել են նաև բուժաշխատողներ և մեկ ոստիկան։ Երեխաների դասերն օնլայն է, հանձնարարություններն ուղարկում են, կատարում-հետ ենք ուղարկում։ Ի դեպ, Հայաստանում հեռավար կրթությունն ավելի լավ է կազմակերպված, քան այստեղ»,- մանրամասնեց մեր հայրենակիցը։
Անգլիայում բնակվող Ամալյա Հարությունյանի խոսքով՝ իրենք տնից դուրս գալու իրավունք չունեն, անհրաժեշտության դեպքում միայն սննդի խանութ կամ դեղատուն են գնում, իսկ խախտումների դեպքում տուգանքներ են սահմանված։ Վարակակիրների թվում նաև երեխաներ կան։
«Մենք Իսպանիայում ենք ապրում՝ Լյորետ դե Մար քաղաքում, Բարսելոնայից 60կմ հեռավորության վրա։ Քաղաքն արդեն 15 օր փակ է, թույլատրում են միայն ընտանիքից 1 անձի, որ գնա մթերային խանութ կամ դեղատուն։ Տնից դուրս գալու կամ կարանտինը խախտելու համար 500-ից մինչև 247.000 եվրո տուգանք է սահմանված, իսկ եթե հանկարծ վիրուսակիրը խախտել է ինքնամեկուսացման պայմանն ու վարակել ուրիշներին՝ մինչև 5 տարի ազատազրկում է նախատեսված»,- պատմեց Մերի Յոլչյանը։
Իտալաբնակ Մարիաննա Պետրոսյանի հաղորդմամբ՝ մեկ ամսից ավելի է՝ այնտեղ վիճակը վատ է։
«Իտալիայի կառավարությունը, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության կառավարության, շատ ուշ սկսեց աշխատել։ Այստեղ խիստ միջոցներ նոր են սկսել կիրառել։ Արգելված է մարդկանց տնից դուրս գալ, միայն սննդի կետերն ու բժշկական սարքավորումներ վաճառող կազմակերպություններն են աշխատում։ Կորոնավիրուսը շատ տարածված է ծերերի շրջանում, հիվանդանոցներում շատ-շատ են հիվանդները։ Դուրս գալը սթրես է․ չգիտես՝ ինչին կդիպչես, ու ինչ կլինի։ Ես մի քանի ձեռնոց եմ կրում, որ մի բան այն չլինի՝ փոխեմ։ Հայաստանը փոքր երկիր է ու շատ կազմակերպված, ես հետևում եմ լրատվամիջոցներին, դա շատ պարզ երևում է։ Այստեղ կան մարդիկ, որ կառավարությանը չեն լսում։ Օրինակ՝ քաղաքապետարանները հայտարարել էին, որ ծեր մարդիկ կարող են զանգահարել շրջանառվող հեռախոսահամարներով, ու նրանց համար սնունդ կտանեն, սակայն շատերը չեն հետևում այդ հորդորին, ցուցումներին»,- եզրափակեց նա։