Հարոյանը մեկամսյա դադարի մեջ է. նա պետք է վիրահատվի
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը չի մարզվում, քանի որ դեռևս պետք է վիրահատության ենթարկվի:
«Միջմրցաշրջանային խաղերից մեկի ժամանակ վնասվածք էի ստացել: Բուժզննումը ցույց էր տվել, որ քառագլուխ մկանն է վնասվել: Պետք է մեկնեի Գերմանիա՝ ստուգվելու համար, քանի որ ինձ ասել էին, որ վիրահատություն է անհրաժեշտ, բայց կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանները փակվեցին և այդ պատճառով չմեկնեցի: Բժիշկն ասաց, որ մեկ ամսով դադար վերցնեմ և ոչինչ չանեմ: Այդ նշված ժամկետից երկու շաբաթն արդեն անցել է: Հիմա Եկատերինբուրգում եմ, տանն եմ, չեմ մարզվում և միայն վերականգնողական միջամտությունների եմ գնում: Մեր թիմն էլ երկար ժամանակ չէր մարզվում և միայն երեկ են սկսել մարզումները, բայց փոքր խմբերով և թեթև ռեժիմով՝ զուտ մարզավիճակը պահպանելու համար»,- Հարոյանի խոսերը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: