Գիտեմ՝ որքան եք կարոտում գրիմանոցներն ու կուլիսները, որքան եք կարոտում բեմն ու ձեր սիրելի հանդիսատեսին. Հակոբ Ղազանչյան
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն արվեստակից ընկերներին շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ այսօր առավել, քան երբևէ պետք է միասնական լինել:
Ղազանչյանը շեշտել է, որ տոնը համընկավ քաղաքակիրթ աշխարհին հասած դժվարին ժամանակաշրջանի հետ: «Գիտեմ՝ ինչ ծանր է նստում ձեզ վրա պարապուրդը: Գիտեմ՝ որքան եք կարոտում գրիմանոցներն ու կուլիսները, որքան եք կարոտում բեմն ու ձեր սիրելի հանդիսատեսին… Բայց նաև գիտեմ, թե որքան եք գիտակցում ժամանակի հրամայականներն ու պահանջները, գիտակցում, որ այսօր առավել քան երբևէ պետք է լինենք միասնական: Միայն այդ պարագայում մենք կդիմակայենք ժամանակի փորձություններն ու մարտահրավերները, չենք կորցնի հավատը վաղվա օրվա հանդեպ: Շնորհավորում եմ բոլորիս մեր պրոֆեսիոնալ տոնի առթիվ, ցանկանում եմ աննկուն կամք և նվիրվածություն: Կասկած անգամ չունեմ, որ շատ մոտ ապագայում մենք մեծ շուքով կնշենք Թատրոնի միջազգային օրը»,-նշել է միության նախագահը: