
Կապարոսից սովորելու շատ բան ունենք. Պետրոս Ավետիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Տոբոլ»-ի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը խոսել է ընտրանու նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսի մասին:
«Շատ էի սպասում Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպմանը ոչ միայն նրա համար, որ հանդես եմ գալիս Ղազախստանի առաջնությունում, այլև ցանկանում էի հնարավորինս շուտ սկսել աշխատանքը հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ: Նա շատ փորձառու մասնագետ է, մեծ օգուտ կտա մեր հավաքականին: Մենք նրանից շատ բան ունենք սովորելու»,-Ավետիսյանի խոսքը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Խոսելով կորոնավիրուսի պանդեմիայի մասին, հայ ֆուտբոլիստը, մասնավորապես, նշել է. «Այստեղ` Կուստանայում, ամեն ինչ հանգիստ է: Այնպես չէ, ինչպես Նուր-Սուլթանում կամ Ալմաթիում: Մեր քաղաքում դեռ ոչ ոք չի վարակվել: Անկախ ամեն ինչից՝ հազվադեպ դուրս ենք գալիս քաղաք, զգույշ ենք և պահպանում ենք վիրուսի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցները: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագրեր, որոնցով և մարզվում ենք տնային պայմաններում ու փորձում պահպանել մարզավիճակը»: